Արդարադատության նախարարության հայտարարությունը՝ դատավորների կենսաթոշակի նվազեցման հարցի վերաբերյալ


Արդարադատության նախարարության հայտարարությունը՝ դատավորների կենսաթոշակի նվազեցման հարցի վերաբերյալ
Նոյեմբեր 9 17:58 2018

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին« օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am–ում, գործընկեր նախարարության կողմից զետեղված նախագիծն  Արդարադատության նախարարությունը դեռեւս չի ստացել:

Այդուհանդերձ, Արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ պաշտոնաթող դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային եւ, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք: Այս մոտեցումն ընկած է 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.4-րդ կետում, որի համաձայն՝ «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է ... ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»: Նշված պահանջին համահունչ է նաեւ ՀՀ դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Դատավորի (…) կենսաթոշակի չափը չի կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»: