Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկի մոտ վեճի ժամանակ դանակահարել է 3 մարդու. 18-ամյա Մարտունը ձերբակալվել է


Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկի մոտ վեճի ժամանակ դանակահարել է 3 մարդու. 18-ամյա Մարտունը ձերբակալվել է
Նոյեմբեր 9 17:47 2018

Նոյեմբերի 8-ին` ժամը 2-ն անց 5-ից սկսած թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի եւ աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է վիճաբանության հետեւանքով:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 1-ն անց 30-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկի դիմաց, տղամարդիկ վիճաբանության մեջ են մտել երեք անծանոթ անձանց հետ, ինչի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել վերջիններիս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ տղամարդիկ վիճաբանել են Էդգար եւ Հարություն Ա. եղբայրների, Մարտուն Մ.-ի հետ, եւ այդ ընթացքում 18-ամյա Մարտուն Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել ու ծանր մարմնական վնասվածք է պատճառել տղամարդկանցից մեկին:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Էդգար Ա.ն եւ Մարտուն Մ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն: Մարտուն Մ.-ն տվել է խոստովանական ցուցմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մարտուն Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: