Հայ և ֆրանսիացի հասարակական գործիչները դեմ են, որ Էրդողանը այցելի Ֆրանսիա

Հայ և ֆրանսիացի հասարակական գործիչները դեմ են, որ Էրդողանը այցելի Ֆրանսիա
Նոյեմբեր 8 23:28 2018

Ֆրանսիայում մի խումբ մտավորականներ և հասարակական կազմակերպություններ  չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի Փարիզում նոյեմբերի 10-11-ը տեղի ունենալիք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին։

«Deutsche Welle» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆրանսիացի մի խումբ հայտնի մարդկանց ստորագրությամբ ֆրանսիական  «Le Monde» թերթում համատեղ հայտարարություն է հրապարակվել:

Հրապարակման մեջ հիշեցվել է Թուրքիայի ներսում տիրող լարված մթնոլորտի մասին, ինչպիսի նաև խոսվել է առանցքային մի շարք հարցերում Թուրքիայի դիրքորոշման մասին։

Նախ և առաջ հիշատակվել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Քննադատության տակ է առնվել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը քրդերի և Կիպրոսի հիմնախնդրի շուրջ։ Նշվել է, որ Թուրքիայում աշխարհով մեկ տարածում է հակասեմիտական տրամադրություններ, ինչպես նաև «անկառավարելի» ատելություն է սերմանում Իսրայել պետության նկատմամբ։  Հիշեցվել է, որ վերջին տարիներին Թուրքիայում խախտվում են մարդկանց ազատության իրավունքը և Թուրքիան դարձել է լրագրողների համար աշխարհի ամենամեծ «բանտը»։

«Թուրքիայում կա կալանանվորված 55 հազար քաղաքական գործիչ։ 2 տարվա ընթացքում 150 հազար պետծառայող այլախոհության համար հեռացվել է աշխատանքից»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվել է, որ հայտարարության տակ իրենց ստորագրություններներն են դրել մի շարք ֆրանսիացի և հայ  հասարակական գործիչներ, մտավորականներ, որոնց թվում են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Տոնոյանը։

«Deutsche Welle»-ն բացի վերոնշյալ հայտարարությունից, ներկայացրել է, թե Էրդողանի այցին ինչպես են արձագանքել նաև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները: Մասնավորապես Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդը Էրդողանի այցի վերաբերյալ առանձին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։  Դրանում խորհուրդը իր դժգոհությունն է հայտնել, որ Էրդողանը հրավիրվել է միջոցառմանը։  Ասվել է, որ Թուրքիայի նախագահի ներկայությունը չի համապատասխանում «Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ոգուն»։

«Հուսով ենք, որ նոյեմբերի 11-ի տոնակատարություններին չեն ախտոտվի Թուրքիայի ղեկավարի այցի պատճառով»,-ասվել է նամակում։
 

Աղբյուր`    ermenihaber.am
 
 
 
 
 
 
 
loading...