Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. Վալերիյ Օսիպյան


Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. Վալերիյ Օսիպյան
Նոյեմբեր 8 22:10 2018

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը ծառայողական պարապմունք անցկացրին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների պետերի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանցքային թեմաներն էին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ընտանիքում բռնության կանխարգելումն ու անչափահասների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկված անձանց վերաբերյալ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների օրենքով սահմանված կարգով հավաքագրումն ու պահպանումը։

Ոստիկանության պետը մանրամասն վեր հանեց և վերլուծեց այդ ուղղություններով տարածքային ստորաբաժանումներում առկա խնդիրները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով՝ դրանց օպերատիվ և ճշգրիտ լուծման համար։ Ծառայողական պարապմունքի ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց տեղեկատվության էլեկտրոնային համակարգից օգտվելու, տեղեկություններ գրանցելու կանոններին։

Վալերիյ Օսիպյանն, անդրադառնալով ծրագրավորման արդի տեխնոլոգիաներով կազմված համակարգի հնարավորություններին, ընդգծեց դրա կարևորությունը հանցագործությունների կանխարգելման, թարմ հետքերով բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման առումներով։ Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց տեղերում հետևողականորեն զբաղվել տեղեկատվական համակարգի թարմացմամբ ու արդիականացմամբ, ինչը նոր խթան է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության բարձրացման առումով։

Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց տեղերում ակտիվացնել պայքարը հետախուզվող անձանց, ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների հայտնաբերման ուղղությամբ՝ պահանջելով, որ մոտ օրերս արդյունքները տեսանելի լինեն։  Ոստիկանության պետն անդրադարձավ նաև կատարողական կարգապահության բարձրացմանը՝ ընդգծելով այդ գործում բաժինների պետերի կարևորագույն դերը։ Հրահանգեց մշտապես կատարելագործել մասնագիտական գիտելիքները և հանցավորության դեմ պայքարել  բացառապես մասնագիտական գիտելիքների և համարձակության ճիշտ համադրմամբ։ «Համարձակությունն ու գիտելիքը պետք է դառնան արդյունավետ ծառայության գրավականները։ Մեր դժվարին գործում միայն համարձակ կամ միայն խելացի լինելը բավական չէ արդյունքի հասնելու համար․ մենք պետք է լինենք և՛ համարձակ, և՛ խելացի։ Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. ով վախեցավ այդպիսին լինել` մեր շարքերում տեղ չունի»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։



loading...