Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
Նոյեմբեր 8 20:27 2018

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: 

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ. համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է նախագահության ընթացքում իր երկրի առաջնահերթությունները:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են եղել` ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Ընդունվել են նաև ՀԱՊԿ-ի գործընկերոջ և կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթերը, որոնց ընդունումը հնարավորություն Է ստեղծում որակապես նոր մակարդակով մի շարք երրորդ երկրների հետ կազմակերպության համագործակցության հաստատման համար: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:

loading...