ԱԺՄ կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին


ԱԺՄ կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
Նոյեմբեր 8 18:29 2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել արտահերթ ընտրություններին։

«ԱԺՄ կուսակցությունը 1991-2008 թթ. մեծ դերակատարում է ունեցել մեր պետության կյանքում: Այս տարիներին պարբերաբար ընտրակեղծիքների հետ բախվելու հետևանքով կուսակցության դերակատարումը քաղաքական դաշտում հետզհետե նվազել է: Երբ հայտարարվեց 2019 թ. գարնան վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մեր կուսակցությունը որոշում կայացրեց անպայման մասնակցել, և մենք մեծ ոգևորությամբ սկսեցինք քննարկումների փուլը:

Մենք նախատեսել էինք իրավիճակի կայունացումից հետո աշնան կեսերից մշակված քայլերի հերթականությամբ համալրել և զարգացնել մեր կուսակցությունը, լայն քննարկումների միջոցով թարմացնել մեր գաղափարական սկզբունքներն ու ծրագրերը՝ նախապատրաստվելով գարնան ընտրություններին:

Ցավով արձանագրում ենք, որ անսպասելիորեն և մեր կարծիքով՝ պետական և ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի գարնանը, այլ այս տարվա դեկտեմբեր ամսին: Մենք, ինչպես և մի շարք այլ կուսակցութուններ, պատրաստ չենք և չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին: Նաև չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք այս ընտրությունները նպաստելու են Հայաստանում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը: Այս իրավիճակում հասարակությանը հնարավորություն չի տրվում ընտրություն կատարելու գաղափարների և ծրագրերի միջև, մասնակցելու մեր պետության, հասարակության ապագայի տեսլականի ձևավորմանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը:

Մենք կգնանք այդ ճանապարհով:

Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է:

Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում», – նշված է ԱԺՄ տարածած հայտարարության մեջ։