Կառավարությունը հաստատեց «Քիմիական նյութերի մասին» օրենքի հայեցակարգը


Կառավարությունը հաստատեց «Քիմիական նյութերի մասին» օրենքի հայեցակարգը
Նոյեմբեր 8 13:17 2018

 ՀՀ կառավարությունը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովելու նպատակով հաստատեց «Քիմիական նյութերի մասին» օրենքի հայեցակարգը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

«Առաջարկվում է ստեղծել քիմիական նյութերի ռեգիստր, որը պայմանավորված է ՀՀ մի շարք միջազգային պարտավորություններով, ինչպես նաև քիմիական նյութերի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններով ու ՀՀ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում: Հայեցակարգի նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է»,- ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական նյութերի հատկությունների, քանակության, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, քիմիական նյութեր արտադրողների, ներմուծողների, իրացնողների վերաբերյալ տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս պետական մարմիններին արդյունավետ կարգավորել բնագավառը:



loading...