Ես ադրբեջանցի և թուրք շատ ընկերներ ունեմ. մենք միմյանց չենք ատում. Ասյա Խաչատրյան

Ես ադրբեջանցի և թուրք շատ ընկերներ ունեմ. մենք միմյանց չենք ատում. Ասյա Խաչատրյան
Նոյեմբեր 7 15:28 2018

Կապույտ մազերով աղջիկը՝ Ասյա Խաչատրյանը, կրկին քննարկման թեմա է դարձել: Այս  անգամ պատճառը նրա և ադրբեջանցի տղայի ընկերությունն է: ArmDay.am-ը Ասյայի հետ հարցազրույցում պարզել է, թե ով է նա, և ինչ մանրամասներ ունի այս պատմությունը:

-Ասյա, համացանցում է հայտնվել Ձեր և Tehran Libre անունուվ տղայի լուսանկարը, որը հերթական քննարկման պատճառ է դարձել, քանի որ նա ադրբեջանցի է: Ո՞վ նա:

-Կարծում եմ՝ մենք սիրում ենք ամեն ինչ ֆանտաստիկ աստիճանի մեծացնել, բարդացնել,դարցձնել Հայոց հարց: Ցանկացած մարդ, ով ապրում է ՀՀ-ում, ունի հայկական անձնագիր, կամ չունի, ով կապ ունի արտերկրի հետ, կամ,առհասարակ, ոտքը Հայաստանից դուրս է դնում, 90 տոկոսով ունի ադրբեջանցի, թուրք, կամ այլազգի ընկերներ, ծանոթներ:

-Ձեզ հետ կապված անընդհատ  մեկը մյուսից քննարկվող իրադարձություններ են զարգանում: Սկզբում Արցախում բռնության դեպքը, հիմա էլ՝ ադրբեջանցի տղայի հետ Ձեր շփումը:

-Այս մեգադրամայի իմաստն այն է, որ ցանկանում են մարդկանց ցույց տալ, որ Արցախում տեղի ունեցածը սուտ էր, և որ դա պարզապես ինձ պետք է եղել այդպես ներկայացնել: Ասում են, որ ես գրանտներ եմ ստացել, իբր Արցախում նման դեպք չի եղել:

-Արցախի դեպքերի հետ կապված գործից ի՞նչ նորություն կա:

-Իրականում, գործն ընթացքի  մեջ է և քննությունը կպարզի դեպքի մանրամասները: Այդ մասին չեմ ուզում խոսել:

-Ադրբեջանցի Ձեր ընկերոջ  մասին մի քիչ կպատմե՞ք: Ինչպե՞ս եք ծանոթացել:

-Ծանոթության մասին չեսմ ուզում խոսել, դա անձնական է և միայն իմ անձնականը չէ: Հանդիպումները տեղի են ունենում չեզոք գոտում, այս դեպքում՝ Թբիլիսիում: Ես ընկերոջս հետ լուսանկար եմ հրապարակել, ով կարող էր նույն հաջողությամբ լինել ռուս, հնդիկ  կամ կողքիս հարևան հայը: Դեռ Արցախի դեպքերի հետ կապված ռեպորտաժներում բազմիցս նշել եմ, որ ինձ համար ազգությունները նշանակություն չունեն և ես իմ տեսակետը չեմ փոխել:

-Չե՞ք վախենում ընկերություն անել մի մարդու հետ, ով թշնամու ներկայացուցիչ է:

-Ես միշտ նշել եմ, որ ինձ համար մեկ է մարդն ադրբեջանցի է, թե թուրք: Պետք է վերջիվերջո հասկանալ, որ պատերազմը միայն մարտի դաշտում է, այն մշակույթի հետ կապ չունի, պատերազմը քաղաքներում չէ, խաղաղ բնակչության հետ կապ չունի, ու այդ պատերազմը վերևներից է եկել, այն շախմատ է:

-Նրա կողմից ագրեսիա կամ թշնամական տրամադրվածություն եթե ոչ Ձեր, ապա ազգի նկատմամբ զգացե՞լ եք:

-Ընկերություն անելու համար մենք երկուսս պետք է ունենանք ընդհանուր կետեր ու թշնամության բացակայություն: Ես չեմ կարող ընկերություն անել, հայի, ռուսի կամ ադրբեջանցու հետ, եթե նա ունենա ինչ-որ թշնամանք իմ կամ ընկերներիս հանդեպ: Նման թշնամանաք կարող  է ունենալ նաև հարևանս՝ անկախ ազգությունից: Եթե մենք ընկերություն ենք անում, ուրեմն մենք երկուսս էլ նույն կերպ ենք մտածում: Ցավոք, մենք չենք կարող իրար ցույց տալ մեր սիրած վայրերը, իմ սենյակը, իմ կատվին, ինքն էլ իր սիրած այգին ադրբեջանում: Ես իսկապես ուզում եմ, որ ինքներս մեզ խոստովանենք, որ մենք նրանց չենք ատում, նրանք էլ նույնը: Մեզ պարզապես սովորեցրել են ատել միմյանց ու ընտելացրել այդ մտքին:

-Խոսու՞մ եք քաղաքականությունից, ինչպե՞ս է նա վերաբերվում պատերազմներին:

-Նրանց Կառավարությունն ավելի խիստ է և մենք, իրականում,չենք խոսում այդ մասին,չենք խոսում քաղաքականությունից, պատերազմից, բայց քանի որ ես շատ էմոցիոնալ եմ, մեկ-մեկ ստիպում եմ խոսել այդ մասին: Նա անգամ ապրիլյան պատերազմին չի մասնակցել, թևև ես կրկին նշում եմ, որ պատերազմը մարտի դաշտում է: Ինձ համար դիակը դիակ է, իսկապես շատ ցավալի է այս ամենը:Պատերազմը շատ կեղտոտ բիզնես է, որի պատճառով մարդիկ են մեռնում հայեր չէ,ադրբեջանցիներ չէ, մարդիկ՝ անկախ ազգությունից: 

-Ի՞նչ կասեք այն մասին, որ կասկածներ կան՝  Ձեր ընկերը Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայող է:

-Այն տեղեկությունը, թե ընկերսՆԳՆ-ում է ծառայում և այլն, ասեմ, որ նրա ծառայության ժամանակվա նկարներից է, և դժվար է գնտել մեկին, ով այդ տարիքում  չի ծառայել:

-Իսկ սոցիալական էջերում նրա ատելության կոչերին ի՞նչ կասեք:

-Ինչ վերաբերում է նրա մի քանի տարի առաջվա ստատուսներին, որտեղ ատելության կոչեր են գրված, ասեմ,  որ պետք չէ այդքան ծայրահեղական վերաբերվել, քանի որ այդ տարիքում մարդը շատ արագ է փոխում իր կարծիքը,  մտածելակերպը: Հնարավոր է՝ ես ավելի վաղ տարիքում ավելի ոգևորված ու ուրախ գոռայի, երբ ասում էին՝ ինչ ենք ուտում,թուրքի գլուխ ենք ուտում, ինչ ենք խմում, թուրքի արյուն ենք խմում: Այս ամենը մեզ սովորեցնում են հենց մանկապարտեզից: Փաստացի, ստացվում է, որ ես  այդ մարդու հետ ժամանակ եմ անցկացնում, ու նա դեռ իմ գլուխը չի կերել և չի էլ պատրաստվում:

Ասյա, նաև կարծքիներ հնչեցին, թե Դուք ադրբեջանցիների համար լրտեսություն եք անում:

-Լրտես լինելու համար շատ բացահայտ եմ: Իմ ողջ ինֆորմացիան բաց է դրված: Եթե լրտես լինեի, Արցախի  բռնության դեպքերի հետ կապված այդքան աղմուկ չէի բարձրացնի, չէի լինի կապույտ մազերով: Դժվար թե ես տիրապետեմ այնպիսի ինֆորմացիայի,պետական գաղտնիքի, որ գնամ ու իմ ճանապարհորդ ընկերոջը փոխանցեմ, իսկ եթե այդպես  է, ուրեմն եկեք գնանք գցվենք կամրջից, որ մեր ԱԱԾ-ն կարող է այդքան վատ վիճակում  լինել: 

-Դեռ հավատարի՞մ եք Ձեր կապույտ մազերին: Ձեզ հենց այդ մազերով են կարծես տարբերում:

-Այո, ընթացքում փոխեցի, բայց հիմա կրկին կապույտ մազերով եմ, այսպես ներդաշնակ եմ զգում:

-Շարունակու՞մ եք Ձեր ճամփորդությունները:

-Հիմա ոչ, աշխատում  և ապրում եմ Վանաձորում, շատ եմ սիրում այս քաղաքը, թեև այստեղ էլ սպառնալիքներ  կան իմ հասցեին:

-Ի՞նչ կասեք Ձեզ քննադատողներին: Այդ քննադատությունները, մեղադրանքները ինչպե՞ս են անդրադառնում Ձեզ վրա:

-Մարդկանց սեր բարություն ու իրենք իրենց հանդեպ անկեղծություն եմ մաղթում: Երբ սենյակի դուռը փակենք ու նստենք, կհասկանանք, որ ոչ մի ահավոր բան չկա,  երբ հայն ու ադրբեջանցին իրար հետ ընկերություն են անում, ավելին՝ դրանում շատ սիրուն բան կա: Խոսակցություններն ինձ վրա չեն անդրադառնում: Նա ադրբեջանցի իմ միակն  ընկերը չէ, ես էլի ընկերներ ունեմ թուրք ու այլազգի ընկերներ ևս, և շարունակելու եմ շփվել առանց խտրականությունների: 

-Շրջապատում վարքագծի տարբերություն զգո՞ւմ եք նման աղմկահարույց դեպքերից հետո:

-Բացասական վերաբերմունք չեմ զգում: Ընկերներս ավելի ուշադիր ու հոգատար են դարձել իմ հանդեպ: Ունեմ ընկերներ, ովքեր ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ ու հավատարիմ են ինձ:

 

loading...