Յոնջլախցի Նորոյի կատարած սպանությունն իր վրա վերցրած ամբաստանյալը մահացել է. Նոր զարգացումներ


Յոնջլախցի Նորոյի կատարած սպանությունն իր վրա վերցրած ամբաստանյալը մահացել է. Նոր զարգացումներ
Նոյեմբեր 6 23:42 2018

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Նորայր Ղազարյանի գործի դատական քննությունը: Այս գործով երկու ամբաստանյալ կար, երկրորդ ամբաստանյալը՝ ազատության մեջ գտնվող Արտակ Հայրապետյանը, մահացել է:

Դատարան էր դիմել Արտակ Հայրապետյանի կինը՝ ամուսնու մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ 45-ամյա Նորայր Ղազարյանին, ով հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականունով և, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արտակ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Նորայր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է,  Արտակ Հայրապետյանն ազատության մեջ էր, նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն էր:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող իր կիսակառույց տան առաջին հարկում Նորայր Ղազարյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ ատրճանակով մեկ անգամ կրակել ու կրծքավանդակի աջ մասում մահացու վնասվածք է պատճառել Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա բնակիչ Վահե Գևորգյանին:

Դեպքից հետո հրազենային վնասվածք ստացած տուժողին «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել «Կայզեր» սուպերմարկետի մոտից: Վիրահատության ժամանակ երիտասարդ տուժողը, ում առաջնեկը ամիսներ առաջ էր ծնվել, մահացել է:

Դեպքից հետո կալանավորվել էր միայն Ավան թաղամասի բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով տվել էր կցկտուր խոստովանական ցուցմունք, նաև՝ ցույց էր տվել սպանության գործիք ատրճանակի տեղը: Իրավապահները նրա ցույց տված տեղում հայտնաբերել ու առգրավել էին ամերիկյան արտադրության ատրճանակը, որից արձակված կրակոցից սպանվել էր Վ. Գևորգյանը:

Արտակ Հայրապետյանին ծանր մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն, և նա  մեղադրանքն ընդունել էր:

Սակայն ամիսներ անց կատարվել է նոր բացահայտում՝ պարզվել է, որ Արտակ Հայրապետյանը… սպանության հետ կապ չունի:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Արտակի բարեկամը՝ Յոնջլախցի Նորոն, ում սկզբում մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ավարտին մեղադրանքը փոքր-ինչ թեթևացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ տեղեկությունների՝ գումարային վեճի արմատները դեպքից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած վթարի հետ են առնչվում: Վթարի կողմերը ԱՊՊԱ չէին կանչել, մեղավոր կողմը պայմանավորվել էր, որ վնասված մեքենան կնորոգի: Եվ խնդիրը վերաբերել է ընդամենը 300 դոլարի:

Վթարի մեղավոր ու տուժող կողմերն ընդհանուր ծանոթ են ունեցել: Մեղավոր կողմը, ի դեմս Արտակ Հայրապետյանի, այդ ընդհանուր ծանոթին` գործով որպես վկա անցնող Սենիկին է տվել 300 դոլար, որ նա փոխանցի տուժողին: Բայց գումարը չի փոխանցվել:

Արտակը այդ մասին իմանալով՝ դեպքի օրը՝ դեպքից մի քանի ժամ առաջ, մտել է Սենիկի օբյեկտն ու «բարոյական ապտակ» է հասցրել նրան:

Վիրավորված Սենիկը, ըստ պաշտպանի, հավաքել է իր ծանոթ՝ մոտ 2 տասնյակ երիտասարդների, նրանք 5-6 մեքենայով գնացել են Յոնջլախցի Նորոյի տուն, որի առաջին հարկում տեղի է ունեցել «խայտառակ ծեծկռտուք»:

Ըստ պաշտպանական կողմի՝ Նորոյի տանը, բացի տանտիրոջից  եղել են Արտակ Հայրապետյանն ու ևս մի Արտակ, երեքով կռվել են բազմաթիվ հարձակվողների դեմ:

Ահա այդ կռվի ընթացքում Յոնջլախցի Նորոն ատրճանակով կրակել է տուժող կրծքավանդակին…

Ընդ որում՝ տուժող երիտասարդը բուն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չի ունեցել, որպես ծանոթ՝ միացել է Նորոյի տուն գնացածներին և, ինչպես հաճախ պատահում է խմբակային կռիվների ժամանակ, տուժել է պարզաբանվող խնդրի հետ առնչություն չունեցող երիտասարդը…

Յոնջլախցի Նորոն չի ընդունում դիտավորյալ սպանության մեղադրանքը: Իր դիրքորոշումը հայտնելով՝ նա դատարանում ասել է. «Դիտավորյալ սպանություն չի կատարվել… Նախ՝ հայ տղայա մահացել, իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ծնողներին ու հարազատներին… Բայց ես էն տղեն չէի, որ իմ տանից գնայի… Նրանք ի՛մ տուն էին մտել, որտեղ իմ կինն ու իմ երեխան էին… Ծիտը որ ծիտ ա՝ իրա բունը չի թողնում…»:

Մինչ դատավորը դուրս կգար խորհրդակցական սենյակից, Նորայր Ղազարյանը դժգոհեց, որ ինքնապաշտպանության իրավաչափության  օրենքը գործում է ընտրողաբար՝ իր նկատմամբ այդ հոդվածը պիտի կիրառվեր, բայց չի կիրառվել. «Քսանչորս հոգով էկել էին իմ տուն՝ որ ի՞նչ անեն՝ պարզ ա՝ մեզ քյոթակեն…»:

Դատավորը հրապարակեց որոշումը՝ մահվան հիմքով Արտակ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Չորս նիստ առաջ կիսատ է մնացել վկա Նվեր Գևորգյանի հարցաքննությունը: Արդեն հինգերորդ նիստն է՝ չի հաջողվում Նվեր Գևորգյանի ներկայությունը դատարանում ապահովել՝ նրա հարցաքննությունը շարունակելու համար:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դժգոհեց, որ տուժող կողմը, տեսնելով, որ վկա Նվեր Գևորգյանի հարցաքննությունը իրենց ցանկացած ընթացքով չի ընթացել, կիսատ է թողել  հարցաքննությունը: Մինչև այժմ ո՛չ տուժող կողմն է ներկայանում դատարան, ո՛չ էլ վկաները, չնայած դատարանը բերման ենթարկելու մի քանի որոշում է կայացրել, ստիպված է եղել դիմելու ոստիկանության մարզային կամ Երևան քաղաքի վարչություններ՝ բերման ենթարկելու որոշումներն ի կատար ածելու համար:

Մեղադրողն առաջարկեց վկաներին բերման ենթարկելու որոշումներն ուղարկել փոխոստիկանապետին՝ նշելով, թե բերման ենթարկելու՝ դատարանի քանի որոշումներն են մնացել անկատար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում