Ոչ թե կաշառք, այլ՝ կրթաթոշակ․ Հովսեփյանը՝ Գեւորգյանին (տեսանյութ)


Ոչ թե կաշառք, այլ՝ կրթաթոշակ․ Հովսեփյանը՝ Գեւորգյանին (տեսանյութ)
Նոյեմբեր 2 16:28 2018

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներին, բռնցքամարտիկներին ոչ թե կաշառել են, այլ տրվել է կրթաթոշակ։ Այս մասին, այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, հակադարձելով Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին։ Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե Հայաստանի առաջնությանը որոշ մարզիկներ չեն մասնակցում ոմանց ճնշումների եւ գումարով կաշառվելու պատճառով։

Քննարկմանը հրավիրված էին անվանի մարզիչներ, ու բռնցքամարտիկներ։ Մինչ բուն թեմային անդրադառնալը ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանի հիշատակը։

Հովհաննես Հովսեփյանն ասաց, թե ֆեդերացիայում ստեղծված անառողջ մթնոլորտը, անարդար ընտրությունները, որոնց արդյունքում Արթուր Գեւորգյանը ընտրվել է նախագահ, միակ պատճառն են, որ մարզիկները հրաժարվել են մասնակցել առաջնությանը։ Սա փաստեցին նաեւ քննարկմանը ներկա մարզիկները։ Քննարկման ընթացքում ներկաները մեկ անգամ եւս ընդգծեցին, որ անհրաժեշտ է ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություն կազմակերպել, ինչը ստեղծված իրավիճակում հարցի ճիշտ լուծումը կարող է լինել։

Մեր հարցին, թե պատրաստվում ե՞ք զրպարտության համար դատական հայց ներկայացնել Արթուր Գեւորգյանի դեմ, Հ Հովսեփյանն  ասաց, թե նմանատիպ  գործընթաց չեն ձեռնարկի, հարցը կփորձեն լուծել՝ քննարկումների միջոցով։ Մարզիկներն էլ նշեցին, թե խիստ վիրավորական է, որ իրենց հասցեին նման մեղադրանքներ են հնչում։



loading...