Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները․ զբաղվում է 6-րդ վարչությունը


Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները․ զբաղվում է 6-րդ վարչությունը
Հոկտեմբեր 26 14:00 2018

«Տվյալ հրապարակման մեջ տեղ գտած նյութերն ուղարկվել է Ոստիկանության 6-րդ վարչություն, ստուգման»։ Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյան, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, համաձայն, որի Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր եւ կնոջ բիզնեսները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ flp.am-ը գրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի, թերևս, ամենից փակ և ամենից հարուստ ընկերություններից մեկն է։ Վերջինիս շահույթը հասնում է միլիարդավոր դրամների, սակայն ճշգրիտ թվեր մինչ օրս հրապարակված չեն։

Կոմբինատի սեփականատերերից մեկը, որոշ տվյալներով, հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը։ Նախկին մարզպետի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, կազմում է 24,150,000 դրամ, 400,800 դոլար և 106,100 եվրո։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է ամսական մոտ 500,000 դրամ: Բացի այդ, Հակոբյանը մեկ տարում գնել է երկու բնակարան` 124 և 91 մլն դրամ արժողությամբ, իսկ Իսպանիայում գտնվող իր բնակարանի դիմաց վճարել է 275,874 եվրո։ Հաշվետու տարում Հակոբյանը գնել է նաև երեք ավտոտնակ և Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթեր:

 

Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Հակոբյանը ստեղծում է «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը», որի գումարները հիմնականում գոյանում էին ԶՊՄԿ-ից, իսկ նպատակն էր Սյունիքում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Հիմնադրամը, ըստ կանոնադրության, պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը և ղեկավարվում՝ Սյունիքի մարզպետի կողմից։

Այսպես, 2017 թվականի հաշվետվությանհամաձայն, հիմնադրամը ծախսել է 364,897,000 դրամ, որից 349,369,944 դրամը նվիրաբերել էր հենց Զանգեզուրի ՊՄԿ-ն։

 

Այս հիմնադրամը, ինչպես արդեն նշեցինք, հովանավորել է տարբեր ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը, սակայն, պատկանում է հենց Վահե Հակոբյանի ընտանիքին, կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։

Հիմնադրամը աջակցում է «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ծրագրերի իրականացման հարցում։

Մամուլում բազմիցս գրվել է, որ հենց այս ՀԿ-ին պատկանող PARA TV հեռուստաընկերության միջոցով իրականացվել է Ամուլսարի դեմ մեդիատեռոր։ ՀԿ-ի և նույնանուն հեռուստաընկերության սեփականատեր են հանդիսանում մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը և Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը։

 

 

Մեկ այլ ծրագիր, որը հովանավորել է Վահե Հակոբյանի ստեղծած հիմնադրամը, Կապանում «Դոն Նիկո» մակնշմամբ կիսաֆաբրիկատ պիցցաների արտադրությունն է։

Նախատեսվում էր, որ ընկերությունը պետք է արտադրի տարեկան մինչև կես միլիոն միավոր պիցցայի կիսաֆաբրիկատ՝ ինչպես ներքին սպառման, այնպես էլ Ռուսաստան, Իրան և այլ երկրներ արտահանելու համար։

«Դոն Նիկո» ապրանքանիշի արտադրությունը իրականացնում է «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ընկերությունը, որը կրկին պատկանում է նախկին մարզպետի կնոջը՝ Էլիզաբեթին։

 Հավելենք, որ  Armday.am-ի ունեցած տեղեկություններով այս օրերին նախկին մարզպետը գտնվում է ԱՄՆ-ում։ Լույս աշխարհ է եկել  Էլիզաբեթ Պետրոսյանի եւ Վահե Հակոբյանի դուստրը։