«Հետն եմ, ինձ խփեց». Բերդի բնակիչը գնացել էր ընկերոջից օգնություն խնդրելու, բայց ստացել մահացու հարված


«Հետն եմ, ինձ խփեց». Բերդի բնակիչը գնացել էր ընկերոջից օգնություն խնդրելու, բայց ստացել մահացու հարված
Հոկտեմբեր 20 20:48 2018

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Բերդի բնակիչ Դավիթ Բադալյանի սպանության համար վերջինիս ծանոթին՝ Հրանտ Անանյանին, առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատեւ ազատազրկման, գրում է Փաստինֆո-ն։

Երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 05-ին։ Հաջորդ օրը նա պատրաստվում էր մեկնել Ռուսաստան և դեպքի օրն իր վաղեմի ծանոթին հանդիպել էր օգնություն խնդրելու համար։

Դավիթ Բադալյանը և Հրանտ Անանյանը իրար ճանաչել են վաղուց և գտվել նորմալ հարաբերությունների մեջ։ 2017 թվականի հուլիսի 5-ին նախորդած օրերին տուժողը զանգել էր և օգնություն խնդրել, ինչը Հրանտ Անանյանը մերժել էր։ Ինքը՝ ամբաստանյալը, թե նախաքննության ընթացքում և թե դատարանում հրաժարվել է ասել, թե ինչ օգնության մասին է եղել խոսքը, սակայն նշել է, որ հուլիսի 5-ին պայմանավորվել էին հանդիպել, որպեսզի բացատրի թե ինչու չի կարող օգնել։

Ժամը 21:40-ի սահմաններում Հրանտ Անանյանը գնացել է Բերդ քաղաքում գործող «Բերդ» տաքսի ծառայություն, նախապես տաքսի պատվիրել` որոշ ժամանակ անց իրեն Իջևան քաղաք տեղափոխելու համար և գնացել հանդիպելու Դավիթ Բադալյանին: Նրանք Դավիթ Բադալյանին պատկանող «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով շրջել են քաղաքում, այնուհետև կայանել Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցում գտնվող «Միջի աղբյուր» կոչվող պուրակի դիմացի հատվածում և շարունակել արդեն սկսված վիճաբանությունը: Ըստ մեղադրյալի՝ Դավիթ Բադալյանը բռնել է իր պարանոցից ու մորը հայհոյել, ինքն էլ զայրացել է, ասել, որ բաց թողնի, սակայն վերջինս չի թողել, ուստի շալվարի գրպանից հանել է ծալովի դանակը ու հարվածել։ Նախաքննության ընթացքում մեղադրյալը պնդել է, թե ցանկացել է հարվածել նրա ոտքին, սակայն Դավիթ Բադալյանը շարժում է կատարել, և դանակը մտել է փորը: Այնուհետև ավտոկայանի մոտակայքից նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, գնացել Իջևան քաղաք և կրկին պատահական մեքենայով գնացել քաղաք Երևան։

Իսկ տուժողը դուրս գալով ավտոմեքենայից` ընկել է պուրակի դիմացի աստիճանների վերևի հատվածում: Նրան նկատած քաղաքացիներն շտապել են օգնության, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց նա մահացել է:

Դավիթ Բադալյանի եղբայրը հայտնել է, որ նա պատրաստվում էր հաջորդ օրը մեկնել Ռուսաստան և նախապես տոմս էր գնել։ Եւ մի քանի անգամ զանգել էր՝ տուն կանչելու, որ պատրատվեր մեկնելու համար, սակայն վերջին զանգի ժամանակ խոսափողի մեջ լսել էր եղբորից լսել է հետյևալ արտահայտությունը. «հետն եմ, ինձ խփեց» արտահայտությունը ։ Անմիջապես մեքենայով իջել է «Միջի աղբյուր» կոչվող տարածք, սակայն արդեն եղբորը հիվանդանոց էին տեղափոխել: Նա պատմել է, որ միշտ անհանգստացել է եղբոր համար, որի պատճառով հաճախակի է զանգել, հարցրել, թե որտեղ է և ինչով է զբաղված: Սկզբից ասել է, որ զրուցում է իրա հետ, շուտով կգա, իսկ վերջին զրույցում ասել է, որ Հանդին ա «խփել»: Նա Հրանտ Անանյանին հանցագործ է համարել և չի ցանկացել, որ եղբայրը նրա հետ շփվի:

Դեպքից առաջ, պարզվում է, տուժողը 100.000 ռուբլով վաճառել էր մեքենան ու 200.000 դրամով Նիվա մակնիշի մեքենա գնել: Թե ինչ էր արել մնացած գումարը՝ եղբայրը տեղյակ չէ և դժվարացել է ասել Հրանտի հետ նա ծախսել է, թե պարտքով տվել: Իսկ երբ հետաքրքրվել է գումարից՝ ասել է. «պրծել է»։

 

Աղբյուր` Փաստինֆո