Նոր զարգացումներ. Հունան Պողոսյանի նշանակումից հետո 50 հոգի պատռել է ՔՊ անդամակցության դիմումները


Նոր զարգացումներ. Հունան Պողոսյանի նշանակումից հետո 50 հոգի պատռել է ՔՊ անդամակցության դիմումները
Հոկտեմբեր 20 18:56 2018

Սյունիքի մարզպետի նշանակումը լուրջ խմորումներ է առաջացրել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնի է, մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, գրում է Armlur.am-ը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այնտեղ մի շարք ՔՊ համակիրներ դեռեւս ամիսներ առաջ գրասենյակ էին բացել, եւ գրեթե ամեն օր մի խումբ երիտասարդներ դիմում են գրել ՔՊ անդամագրվելու համար: Երեկվա դրությամբ 105 անձ ՔՊ-ի անդամակցության դիմում է գրած եղել, սակայն մարզպետի նշանակման շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով նրանցից շուրջ 50-ը պատռել են իրենց ՔՊ անդամակցության դիմումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության հետ կապված դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, թե արդյոք նրանք տեղյակ են այս ամենից եւ ինչպես կմեկնաբանեն իրավիճակը: Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Մեր մարզային շտաբերի պատասխանատուների հետ զրուցեցի, դիմումներ պատռելու փաստ չի արձանագրվել, ավելին ասեմ` կուսակցության դիմում ներկայացրած այն անձինք, ովքեր այդ ակցիան են իրականացրել, փորձել են հրավիրել մի խումբ դիմում ներկայացրած անձանց, ովքեր մերժել են իրենց առաջարկը: Ամեն դեպքում, մենք գտնում ենք` յուրաքանչյուր քաղաքացի, եթե ունի որեւէ բողոք, ազատ է Հայաստանում իրացնել այդ իրավունքը»: