«Զգուշացի'ր, քեզ գաղտնալսում են»․ նոր քաղաքական մշակույթին ընդառաջ


«Զգուշացի'ր, քեզ գաղտնալսում են»․ նոր քաղաքական մշակույթին ընդառաջ
Հոկտեմբեր 20 16:19 2018

Հայաստանը թևակոխում է կոմպրոմատների ամբողջովին նոր պատերազմ․ գաղտնալսումներից մինչև ամենաէժանագին սադրանքներ։ Չի կարելի ասել, որ Հայասանում նման երևույթները նոր են, սակայն հեղափոխությունը, որ կոչված էր լավը բերելուն, իսկ վատը սրբելուն, հնի ավելի դժգույն մատուցմամբ է աչքի ընկնում։ Քաղաքական մշակույթի լավացմանն ուղղված իշխանությունների ցանկությունները ոչինչ են, եթե քաղաքականության մեջ գործում է կոմպրոմատների սկզբունքը։

Վերոնշյալը հայ քաղաքական մշակույթի անբաժանելի մասն է եղել երկար տարիներ, սակայն հրապարակայնացման հետ կապված մշտապես եղել է արգելք, քանի որ հիմնականում որպես սյուբեկտ հանդես է եկել ՀՀԿ-ն, ինչը չի նշանակում, որ նախկին ընդդիմադիրները ձեռնպահ են մնացել սադրանքներից։ Իսկ ահա գաղտնալսումների պրակտիկան ՀՀ-ում ոչ միայն չի վերանում, այլև արմատավորվում է։ Գաղտնալսումները ոչ պետական մակարդակով իրականացվել են բազմիցս, սակայն եթե շատ ետ չգնանք, թարմ է հիշողությունը Արտակ Սարգսյանի (Սասի Արտակի) գործի վերաբերյալ, երբ հանրայնացվել էր, թե ինչպես է տվյալ անձը ճնշումների միջոցով նախընտրական ցուցակագրում իրականացնում։ Այնուհետեև հայտնի դպրոցի տնօրենների գաղտնալսումները՝ Դանիել Իոաննիսյանի գլխավոր դերակատարությամբ։ Հատկանշական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ շատ սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանությունների հետ և հանդիսանում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանին կից հանձնաժողովի քարտուղարը, նույն գործելաոճով հանդես է գալիս, ոչ միայն «նոր Հայաստանում» այլև նոր իշխանությունների դեմ։ Դրա վառ ապացույցը նրա կազմակերպության կողմից արված գաղտնալսումն էր, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը, ով Հրազդանում  ինքնառաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու, դպրոցների տնօրենների հետ քարոզարշավ է իրականացնում։

Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, խոսվեց քաղաքական մտածողության և մշակույթի փոփոխման մասին, սակայն կոմպրոմատիզմն իր սուր կողմով ուղղված էր իշխանությունների ուղղությամբ, ինչի արդյունքը Հայաստանի Հանրապետության պատմության ամենաաղմկահարույց ձայնագրությունն էր։ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը չէինք դիտարկի ներքաղաքական մշակույթի կոնտեքստում, եթե ԱԱԾ տնօրենը արդեն հայտարարած չլիներ, որ այդ ամենը ներքին սադրանք է եղել։ Իսկ ահա ՏԻՄ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենային ՀՀ խոշոր քաղաքներում, ևս ուղեկցվեցին կոմպրոմատներով և գաղտնալսումներով, որոնցից մեկին արդեն անդրադարձանք։ Երևանի ավագանու ընտրությունը, որ միտված էր լինել ամենաարդարը ՀՀ պատմության մեջ, ևս աչքի ընկավ գաղտնալսման դեպքով, խոսքը ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության մասին է, որը ևս իրականացվել էր Դանիել Իաննիսյանի կողմից, ով այս պարագայում հանդիսանում է զրուցակիցներից մեկը։ Հաջորդը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ Դիանա Գասպարյանի հոր հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումն էր, որում իշխանության կողմից առաջադրված թեկնածուի հայրը սպառնում էր ոտք ջարդել։ Կարող ենք ենթադրել, որ շարքը շարունակվում է, քանի որ վերջին երկուսը տեղի են ունեցել վերջին մի քանի օրվա ընթացքում։

Ցավալի է, որ այն իրողությունները, որոնց հետ պետք է հանրությունը հաշվի նստի, ոչ այնքան հարիր են քաղաքակիրթ հասարակություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության նույնիսկ քաղաքական դերակատարները պաշտպանված չեն, էլ ուր մնաց թե հասարակ քաղաքացիներն իրենց ապահովագրված զգան սեփական հայրենիքում։ Իշխանությունների կողմից նման իրավիճակում հաջորդ քայլը հավանաբար կլինի փողոցում ամեն քայլափոխին փակցնել՝ «զգուշացիր քեզ գաղտնալսում են», այլապես ամենամտերմիկ շփման մեջ անգամ մեր քաղաքացիները խոցելի են։

Վաչիկ Գրիգորյան