Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն է


Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն է
Հունվար 12 12:16 2017

Հունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը :

2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն և գնդակահարել ընտանիքի 6 անդամներին, այնուհետեւ դանակահարել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացավ:

Պերմյակովը, որ փորձել էր հատել ռուս-թուրքական  սահմանը, հայտնաբերվել է հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից: 

Պերմյակովի խոսքով՝ ինքը ցանկացել է տուն հասնել: Ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ տանելով ինքնաձիգ: Թափառելով գիշերային Գյումրիով՝ ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին և մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի խոսքով՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել:

Գնդակահարելով ընտանիքին՝  փոխել է հագուստը և փախուստի դիմել: Իր հետ տարել է մի քիչ գումար և սպանվածների բջջային հեռախոսները, իսկ անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած ողբերգությունից հետո Գյումրիում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր: Մարդիկ պահանջում էին ռուսաստանցի զինծառայողին հանձնել հայաստանյան արդարադատությանը:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը Գյումրիում կայազորային դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։ Պերմյակովը դատապարտվել ցմահ ազատազրկման: 

Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննել է զոհված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հայցերը ու առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողել։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։