Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)


Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)
Հոկտեմբեր 18 23:46 2018

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող  Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի:

Թուրքական լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են տեղափոխությունը և հրապարակել տեսագրությունը:

Գյուլերի հոգեհանգստի և հուղարկավորության օրվա ու ժամի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյողլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Իսկական անունն է Արամ Գյուլերյան։ Նրա հայրը Տաճատ Գյուլերանն է, իսկ մայրը՝ Վերժինե Գյուլերյան։ Գյուլերը դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և զուգահեռ հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ սովորելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

1958թ. դարձել է ամերկյան «Time life», «Paris-Match» և «Der Stern» հանդեսների թղթակիցը։ 1961թ. վերջացնելով զինծառայությունը թուրքական բանակում՝ նա աշխատանքի է անցել «Hayat» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը:

1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 

Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

Վերջրերս Գյուլերի 90-ամյակի առթիվ Ստամբուլում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը:

Աղբյուր`    Ermenihaber.am