«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկի փեսան կալանավորվել է


«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկի փեսան կալանավորվել է
Հոկտեմբեր 18 19:17 2018

«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի փեսան՝ Արշակունի Թովմասյանը կալանավորվել է, տեղեկացնում է  armtimes.com-ը։

Ըստ մեղադրանքի, նա եւ նրա եղբայրը հունվարի 24-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, այնուհետեւ Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածքում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Կարեն Սիրեկանյանի մարմնի տարբեր մասերին`վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս`կյանքին վտանգ սպառնացող:

Սույն քրեական գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Սամվել Ուզունյանին:

ՀՀ քննչական կոմիտեն այսօր սույն դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել. նախնական քննության տվյալներով՝ Օշականի բնակիչ, 1987թ. ծնված Ս.Թովմասյանը 2018 թ. հունվարի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազի կենտրոնական հատվածում երթեւեկելիս արժանացել է Ոսկեվազի բնակիչ Կ. Սիրեկանյանի դիտողությանը, ինչի կապակցությամբ առաջացել է վիճաբանություն։

Ս.Թովմասյանը, եղբոր՝ 1993 թ. ծնված Ա.Թովմասյանի հետ միասին իջել են ավտոմեքենայից եւ պարզաբանումներ պահանջել Կ.Սիրեկանյանից, ապա սկսել բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Այնուհետեւ ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածք, որտեղ շարունակել են բռնության գործադրումը՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Թովմասյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։



loading...