Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է ընդդիմադիր կուսակցություն, բայց խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի


Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է ընդդիմադիր կուսակցություն, բայց խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի
Հոկտեմբեր 18 13:23 2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստվում է ստեղծել սեփական կուսակցությունը և դառնալ ընդդիմություն:

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա այդ մասին պետք է մտածել», - ասել է Ռ. Քոչարյանը`պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք իր կուսակցությունը ստեղծել:

Նախկին նախագահի խոսքով, կուսակցության անվանումը սկզբունքային չէ:

«Սկզբունքային են այն մոտեցումները որոնք պետք է հարմարեցվեն... Այսօր ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լուրջ վակուում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից», - նշել է Քոչարյանը:

Նախկին նախագահը հայտարարել է, որ ինքը բարձր պաշտոն ստանալու որևէ ցանկություն չունի:

«Եթե նման ձգտում լիներ, ապա ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ իրադրությունը ներքաշում է քեզ գործընթացների մեջ, որից չես կարող խուսափել պարզապես կենսագրության ուժով, բնավորության բնույթով և կյանքի դիրքով», - ընդգծել է նա:

Խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին, Քոչարյանն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում:

«Ես անկուսակցական էի: Սա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ եղել է: Ընդ որում, կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար, ինչպիսին են առաջին քայլերը, երբ ցանկանում ես ստեղծել թիմ: Ուշադրությունը սևեռում ես այն մարդկանց ուղղությամբ, որոնց ճանաչում ես, շփվել և աշխատել ես», - ասել է Քոչարյանը:

Սակայն, ըստ նրա, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց:

«Ինչ-որ մեկին, իհարկե, պետք է ներգրավել հին թիմից, որը դու գիտես, որի հետ աշխատել ես: Սակայն հիմնվել պետք է նոր սերնդի մարդկանց վրա, բայց դա հեշտ չէ անել, ժամանակ է պահանջվում», - հավելել է Քոչարյանը: