Նոր մանրամասներ պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված նորածինների մասին


Նոր մանրամասներ պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված նորածինների մասին
Հոկտեմբեր 18 12:58 2018

Երեկ տեղեկացանք, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների։ Պարզելու համար նորածինների գտնվելու վայրն ու առողջական վիճակը Armday.am-ը կապ հաստատեց գիշերօթիկ հաստատության տնօրենի հետ, ով մեզ հայտնեց, որ երեկ գիշերով մարզպետարանի աշխատակիցները տարել են երեխաներին, և նրանք այժմ գտնվում են Շիրակի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հսկողության տակ։

 

Armday.am-ը զրուցեց համապատասխան բաժնի տնօրենի՝ Լիլիթ Գորգինյանի հետ, ով մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ երեկ հայտնաբերման պահին որևէ առողջական խնդիր չի եղել, իսկ այժմ համապատասխան հետազոտություններ են իրականացվում հստակ բժշկական ախտորոշում ունենալու համար։ Մեր հարցին, թե ո՞րտեղ են գտնվում երեխաները, տիկին Գորգինյանը պատասխանեց-«Նրանք գտնվում են համապատասխան բաժնում, որտեղ իրականացվում է իրենց անհրաժեշտ խնամքը, պարագաներով ապահովվում են, իրենք ապահով միջավայրում են»։

 

Տեղեկացանք նաև, որ երեխաները կմնան համապատասխան հսկողության տակ այնքան ժամանակ, մինչև ոստիկանները կպարզեն ծնողների ինքնությունն ու համապատասխան որոշում կկայացվի։

 

Վաչիկ Գրիգորյան