Մակրոնն ու տիկինը հիացել են հայկական գինիով ու կոնյակով


Մակրոնն ու տիկինը հիացել են հայկական գինիով ու կոնյակով
Հոկտեմբեր 18 12:20 2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էր հայկական գինին ու կոնյակը, այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
 
«Այն ինձ համար շատ կարևոր ու լավ նորություն էր, որովհետև ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ», - ասաց նա: 
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր համար, հատկապես, հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հարկ են համարել արտահայտվելու հայկական գինու ու կոնյակի՝ իրենց բառապաշարով «բրենդիի» որակի կապակցությամբ:
 
«Եվ ոչ միայն նրանք, ընդհանուր առմամբ, մեր գինիներն ու կոնյկաները շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է՝ մենք կարողացել ենք հասնել գինու ու կոնյակի արտադրության միջազգային որոշակի ստանդարտի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նա ընդգծեց՝ պետք է քաջալերել արտադրողներին, ու կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին նոր շուկաներ մուտք գործելու համար:
 
«Ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանակարային ճյուղ է, կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ պրոբլեմներ ու այդ պրոբլեմները, այպես ասած, ոչ իրական արտադրանքի սպառումն է ու տարածումը՝ հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակ անվան տակ տարածվող խմիչքները, որոնք իրականում հայկական չեն», - ասաց նա:
 
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ լուրջ վերահսկողություն պետք է իրականացնել: