Տավուշում Ֆրանկոֆոնիայի համար տեխնիկա բերող ռուս վարորդը՝ խմած վիճակում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել


Տավուշում Ֆրանկոֆոնիայի համար տեխնիկա բերող ռուս վարորդը՝ խմած վիճակում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել
Հոկտեմբեր 17 16:39 2018

Տավուշի մարզում, հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Ռուսաստանի բնակիչ՝ 61-ամյա Վիկտոր Իլյինը իր վարած Volvo մակնիշի EA 4607 50 RUS համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իր ինքնազգացողությունը լավ է։

Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում. խմածության աստիճանը եղել է բարձր՝ 2.234 ցուցանիշի։

Մինչ ոստիկանները, բժիշկներն ու քաղաքացիները փորձում էին վարորդին ցուցաբերել հոգեբանական օգնություն, նա վերցրել է օղու շիշը եւ սկսել է խմել՝ ասելով, որ իրեն օգնություն պետք չի:

Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել տեխնիկայով, որը բերվել էր Ռուսաստանի Դաշնությունից՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման համար։ Այն բարձված է եղել ձայնային ապահովման տեխնիկայով եւ բեմի կոնստրուկցիայով։