Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու իրական պատճառը


Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու իրական պատճառը
Հոկտեմբեր 17 12:35 2018

ՀՀ Ոստիկանության նախկին փոխնախարար Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու որոշումը արժանացավ քննադատությունների։ Պողոսյանը երկար տարիներ աշխատել է ուժային կառույցում՝ նախկին իշխանությունների օրոք։ Սոցիալական ցանցերում չեն դադարում հարցադրումներն ու քննարկումները այս նշանակման վերաբերյալ։ Ինքը Հունան Պողոսյանը երեկ հայտարարեց, թե նոր Հայաստանի կողմնակից է։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կառավարության նիստում մեկնաբանեց Հունան Պողոսյանի նշանակումը։ «Այս իմաստով կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը իր կյանքը ավարտված չհամարի Հայաստանում և այս տրամաբանության մեջ կարծում եմ չպետք է թույլ տանք զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է անվանել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար որ նախկինում գործունեություն են ծավալել»,-ասել էր Փաշինյանը, հավելելով, թե այսօրվա կառավարությունում քիչ չեն մարիկ, որ այդպիսի առնչություններ են ունեցել: «Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ»,-ասել էր նա:
Երեկ Գորիսում նաեւ ի նշան դժգոհության բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Սյունեցիները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը Քարահունջ գյուղի հատվածում՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը կառավարության կողմից նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ:

Irakanum.am-ին Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու հանգամանքի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մտադիր չի եղել Պողոսյանին վերադարձնել նոր Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ Պողոսյանը ինչպես արդեն նշեցինք նոր Հայաստանի կողմնակիցն է։ Սյունիքի մարզպետի պաշտոնում կառավարությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը այլ թեկնածու են ունեցել, սակայն մարզից ստացված օպերատիվ տեղեկությունները ստիպել են գործադիր իշխանությանը փոխել որոշումը։ Ստացված տեղեկությունների համաձայն, որոնք Փաշինյանին զեկուցել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Սյունիքում բողոքի գործողություններ էին նախատեսվել։ Հակահեղափոխական ուժերը որոշել էին անհնազանդության գործողություններ իրականացնել, ընդհուպ փակելով Իրանի հետ ավտոճանապարհը։ Սա կազմակերպվել էր մարզային նախկին իշխանությունների կողմից։

Փաշինյանն էլ՝ Պողոսյանին որպես ուժային նախկին ղեկավարի, որոշել է գործուղել Սյունիք հակահեղափոխությունը «բնում խեղդելու» համար։ Հատկանշանական է, որ Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում ներկայացնելու համար Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին գնացել էր նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Վանեցյանը մարզում որոշ հանդիպումներ է ունեցել։

Ի վերջո ինչ զարգացումներ կլինեն մարզում, կհանդարտվեն արդյո՞ք հակահեղափոխականները, թե այնուամենայնիվ Պողոսյանի մեջ կարթնանա նախկին մասնագիտությունը ցույց կտա ժամանակը։