Թումոյի մասնաճյուղ բացվեց Փարիզում. կբացվի նաեւ Մոսկվայում, Բեռլինում. Արայիկ Հարությունյան

Թումոյի մասնաճյուղ բացվեց Փարիզում. կբացվի նաեւ Մոսկվայում, Բեռլինում. Արայիկ Հարությունյան
Հոկտեմբեր 17 11:45 2018

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը:

ԿԳՆ-ից  հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից Թումոյի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, եւ կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը: Հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, եւ այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, եւ կրթության ոլորտում Թումոյի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը:

Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձեւության մայրաքաղաքն է: Ինովացիայի եւ տեխնոլոգիայի ոլորտում եւս այն նորաձեւության կրողներից եւ կենտրոններից է, եւ մեզ համար կարեւոր է, որ ՀՀ սահմաններից դուրս  Թումոյի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց Թումոյի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները եւ մայրաքաղաքները եւս վարակվեցին այդ մտքով եւ ցանկացան ունենալ իրենց թումոները: Ներկայումս նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում:

Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը այցելել էր Թումո, եւ դրանից հետո գերմանացիները եւս հետաքրքրված են այս նախագծով: Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի  է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը եւ դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետեւ կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը եւ նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին եւ իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս Թումոյի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»:

loading...