Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի հաստատմանը. Քոչարյանի հարցազրույցը РИА Новости-ին


Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի հաստատմանը. Քոչարյանի հարցազրույցը РИА Новости-ին
Հոկտեմբեր 17 00:35 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РИА Новости գործակալությանը, որի ընթացքում նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել երկրում քաղաքական մենաշնորհի հաստատմանը։

«Մարտավարական առումով՝ դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականությունը գագաթնակետին է։ Ռազմավարական առումով՝ ես խնդիրներ եմ տեսնում՝ այսինքն, որպես քաղաքական գործիչ, դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ մտածելու բան կա՝ արժե՞ր դա հիմա անել»,- ասել է Քոչարյանը։

Նա կասկած է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր է իրոք արժանապատիվ խորհրդարան ընտրել։ «Նոր քաղաքական մենաշնորհ ձեւավորելը, պետության շահերի տեսակետից, չեմ կարծում, որ ճիշտ է»,- հավելել է Քոչարյանը։

Նրա խոսքերով՝ «լիարժեք իշխանությունը դեռեւս լիարժեք պատասխանատվություն չէ»։ «Այդ պատճառով իմ տեսակետն այն է, որ վերջանում է որոշակի մի փուլ, բոլորի համար դա որոշակի վերբեռնում է, այսինքն կկազմավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հասարակության մեջ առկա տրամադրությունը։ Այդ իշխանությունը այդ պահից պետք է լիարժեք պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում»,- ընդգծել է Քոչարյանը։

Նախկին նախագահի կարծիքով՝ դա «միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ»։

 



loading...