Նորատուսցի Արային մեղադրանք առաջադրվեց


Նորատուսցի Արային մեղադրանք առաջադրվեց
Հոկտեմբեր 17 00:08 2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝  2018 թվականի լույս  հոկտեմբերի 13-ի գիշերը  Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ առերևույթ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի մյուս հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ։

Մասնավորապես՝ կոտրել են ակումբի բաժակները,  մոխրամանը նետել պարահրապարակ, ապա նաև կրակոցներ  արձակել պատի ուղղությամբ, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 14-ին:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 5 գնդակ, հարցաքննվել մի շարք անձինք, իրականացվել խուզարկություններ:

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությանը Ա.Բանդուրյանի առնչության վերաբերյալ, և հոկտեմբերի 16-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: