Զոհրաբ Մնացականյանը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների ընդլայնման հարցը


Զոհրաբ Մնացականյանը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների ընդլայնման հարցը
Հոկտեմբեր 12 12:23 2018

Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարեւոր առաջնահերթություններից է, եւ հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը եւ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կարեւորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակրեպության հարթակը, որը լավ հնարավորություններ է ընձեռում անդամ պետություններին ներգրավվել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձեւաչափերում, հատկապես հաշվի առնելով ՖՄԿ-ում աֆրիկյան մայրցամաքի երկրների զգալի ներկայությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում Հայաստանի ներկայության ընդլայնման հեռանկարների ու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանի եւ Մուսա Ֆակի Մահամատի ուշադրության կենտրոնում էին նաեւ ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները եւ դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքները: