Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը


Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը
Հոկտեմբեր 11 17:08 2018

Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի հայկական երաժշտական արվեստը։ Ի դեպ, նշենք, որ Սերգեյ Սմբատյանը Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանի ասպետ է:

Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։ Մաեստրո Սմբատյանն ամենաերիտասարդ գործիչն է (պարգևատրվել է 27 տարեկանում), որ արժանացել է արվեստի բնագավառում ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգևին, ինչպես նաև՝ առաջին հայը։ Սերգեյ Սմբատյանին 2015թ. շքանշանը շնորհել է Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը։

Հավելենք, որ այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, «Ուզուն դարան», «Սուսերով պար»-ը (ջազային մշակմամբ), «Դիմակահանդես»-ը, հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը՝ «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։

Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև՝ «Դլե յամանը» (մենակատար՝ Ջիվան Գասպարյան)։