ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կարևորեց ֆրանսերենով գիտական հետազոտությունների հրատարակումը


ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կարևորեց ֆրանսերենով գիտական հետազոտությունների հրատարակումը
Հոկտեմբեր 11 15:56 2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ֆրանսերեն լեզվով գիտահետազոտական ավելի շատ աշխատանքների հրատարակման անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` անգլերենն այս ոլորտում գերակշռություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում:

«Կարևորում եմ գիտության դերը: Պետք է շատ գիտահետազոտական աշխատանքներ լինեն ֆրանսերենով: Այստեղ անգլերենի գերակշռություն ենք արձանագրում: Այս խնդրին պետք է ուշադրություն դարձնենք: Մեզ անհրաժեշտ է նաև ֆրանսերենով ավելի շատ մամուլ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր»,-ասաց Ազուլեն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձրաձայնեց նաև կրթության հասանելիության խնդիրը: Նա ընդգծեց հատկապես կանանց և աղջիկների համար բարձր կրթական մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը: Նա նկատեց`  ներկա և հաջորդ սերունդները պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների` բնապահպանական, ժողովրդագրական: «Մեր պատասխանատվությունն այս ամենի համար շատ մեծ է:  ՖՄԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք կարող ենք շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասաց Ազուլեն:

Նա նշեց` ՖՄԿ-ի ջանքերի շնորհիվ մշակութային բազմազանության մի շարք դրույթներ են հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այս դրույթները հնարավորություն են ընձեռում պաշտպանել արվեստի ոլորտը:  «ՅՈՒՆԵՍԿՕ-ի որդեգրած սկզբունքները համընկնում են ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, նաև այս գագաթնաժողովում որդեգրած սկզբունքների հետ»,-նշեց Օդրե Ազուլեն:

Նա կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը ՖՄԿ-ի գործունեությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն իր ելույթում հիշատակեց նաև Շառլ Ազնավուրին:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։