Ամենուր ձեր անունը հնչեցնելիս շատ նուրբ զգացում է առաջանում․ Մակրոնը՝ հայերին

Ամենուր ձեր անունը հնչեցնելիս շատ նուրբ զգացում է առաջանում․ Մակրոնը՝ հայերին
Հոկտեմբեր 11 14:19 2018

Երեւանում այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: Այս մասին Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 

Նա նշեց, որ հայտնի է, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում: «Ամենուր ձեր անունը հնչեցնելիս շատ նուրբ զգացում է առաջանում: Հայաստանի անունը կապվում է ազգերի արհավիրքների հետ, որոնք հիշեցնում են դեմքեր, որոնք Ֆրանսիայում կարեւոր դերեր են զբաղեցրել, ովքեր անսահմանորեն սիրում են Ֆրանսիան, եւ Ֆրանսիան բացել է իր սրտերն այդ մարդկանց համար»,- ասաց նա:

 

Մակրոնի խոսքով, Հայաստանի համար Ֆրանսիան եւ Ֆրանկոֆոնիան խորհրդանշում են նաեւ մեկ ձայն. այդպես նա հիշատակեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին:

 

«Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին եւ չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաեւ Աստծուն չեն հավատում, ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մենք ունեցել ենք նաեւ վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Բայց այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում եւ արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որեւէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր տեսլականը պարբերաբար վերաիմաստավորվում եւ թարմացվում է: Եղբայրությունը, խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- նշեց Մակրոնը:

 

Ֆրանսիայի նախագահը նաեւ ասաց, որ երեւանյան գագաթնաժողովը կազմակերպվել է մի պահի, երբ տեսանելի են աշխարհում տեղի ունեցող հսկայական փոփոխություններ.

 

«Աշխարհն այսօր լի է ստով, ատելության քարոզչությամբ, այն կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին կարողացել են համախմբվել, այլեւս չեն գործում: Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Մենք պետք է ստեղծենք բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ, Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը: Բայց երբեք Ֆրանկոֆոնիան չպետք է լինի մի հարթակ, որտեղ հնչում են դատարկ խոսքեր, քանզի սա արժեքների հարթակ է, որոնց շուրջ բոլորս միավորվել ենք»,- հավելեց իր խոսքը Մակրոնը:

loading...