Կեպիով ավագանի և առանց փողկապ քաղաքապետ.պաշտոնական դրեսկոդում իրավիճակ է փոխվել


Կեպիով ավագանի և առանց փողկապ քաղաքապետ.պաշտոնական դրեսկոդում իրավիճակ է փոխվել
Հոկտեմբեր 10 15:58 2018

Երեւանի ավագանին այսօր նորընտիր կազմով գումարեց առաջին նիստը։ Նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր մթնոլորտ,նոր կանոններ։ Ավագանու նախկին անդամների մեծ մասը հանրության դրական կամ բացասական կերպով, քիչ թե շատ ծանոթ էին, սակայն ի տարբերություն նախորդի, նորընտիր ավագանու անդամներից շատերին հասարակությունը չի ճանաչում, մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ օբյեկտիվորեն չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են մուտք գործել քաղաքապետարանի շենք, այն էլ ավագանու կարգավիճակով, այսօր հասարակական աշխատանքի են։

Համենայնդեպս հեղափոխությունն ինքնին անակնկալ էր բոլորի համար, ինչը նշանակում է, որ դրա հետևանքով առաջ եկող հանգամանքների համար ևս պետք չէ զարմանալ։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր մտապես քաղաքական պայքարի փողոցային տարբերակն են ընտրել, այսօր այդ նույն տարբերակի միջոցով կարողացել են հայտնվել հարմարավետ գրասենյակներում,պետական նշանակության օբյեկտներում, սակայն դա չի նշանակում, որ պետք այդ կառույցները վերածել փողոցի, ընդհակառակը, այդ մարդիկ պետք է դուրս գան փողոցային ակտիվիստի կեցվածքից և ադապտացվեն պաշտոնական միջավայրին։

Ամբողջ աշխարհում գոյություն ունի քաղաքական-պաշտոնական էթիկետի կանոններ, օրինակ երբեք չենք տեսնի, որ պաշտոնյաները միմյանց հետ հանդիպելիս անվայել վերաբերմունք, կամ գռեհիկ պահվածք ցուցաբերեն։ Անգամ պատերազմող երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ կան վարքագծի կանոններ, որ բոլորը պահպանում են։ Ներկայանալիության կարևոր բաղադրիչ է նաև հագուստը, որն ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված տղամարդկանց համար հանդիսանում է կոստյումը, վերնաշապիկն ու փողկապը։

Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը առաջին իսկ օրը ներկայացել էր աշխատանքի այնպիսի հագուստով, որը մեղմ ասած չէր համընկնում օրվա խորհրդի հետ, հետո նաև պաշտոնական ներկայանալիության կանոններին։ Ավագանու անդամը ոչ միայն չէր կրում փողկապ, որն այս պարագայում «վեհ գաղափար» է, այլև նիստին ներկայացել էր գլխարկով և ակնոցով, և ամբողջ նիստի ընթացքում չհանեց ո՛չ ակնոցը, ո՛չ գլխարկը։ Հասկանալի է, որ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար կազմը չի կարող անհատապես բոլոր անդամների իմիջով զբաղվել, սակայն այսպիսի ոչ պատշաճ վերաբերմունքը տարածվում է ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև՝ «Իմ քայլը» դաշինքի վրա։ Միգուցե սրա պատճառն այն է, որ Հայկ Մարությանն ասել է, որ ինքը նույնպես երբեք փողկապ չի կրելու, և դրա հետևանքով ավագանու անդամների մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ քաղաքապետարանում ազատ ոճի հագուստը խրախուսվում է։ Իհարկե չենք բացառի նաև, որ սա տվյալ անձի անփորձության հետևանք է ընդհամենը։ Եթե հեղափոխության արդյունքում առաջ եկած ազատական գաղափարների դիկսուրսը պետք է հանգեր «ով, որտեղ, ինչ ուզի կանի» եզրույթին, ապա դժվար թե քաղաքական-պաշտոնական նոր մշակույթի մասին հույսեր լինեն։ Ամեն դեպքում, հույս հայտնենք, որ նման արատավոր երևույթներից ձերբազատումը երկար սպասեցնել չի տա, և Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցներում պաշտոնյաները կհարգեն միմյանց, կառույցին և ընտրություններին մասնակցած քաղաքացիներին։

Վաչիկ Գրիգորյան