Գազի գնի նվազեցման հնարավորության մասին վաղ է խոսելը․ նախարար


Գազի գնի նվազեցման հնարավորության մասին վաղ է խոսելը․ նախարար
Հոկտեմբեր 10 08:21 2018

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը չի շտապում խոսել գազի գնի նվազեցման մասին։

Այսօր  լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ միայն այն բանից հետո, երբ իրենք կունենան հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին։

«Եթե խոսում ենք 2019 թվականին գազի գնի նվազեցման հնարավորությունների մասին, երբ կունենանք հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին»,–նշեց նորանշանակ նախարարը։

Նա, սակայն, շեշտեց՝ 2018 թվականի հունվարից դեկտեմբերի 31–ը գազի գինը սահմանվել է 150 դոլար 1000 խմ. մետրի դիմաց՝ 2017 թվականին ձեռքբերված պայմանավորվածության համաձայն։

Գործադիրի այսօրվա օրակարգում ներառված գազի գնի հաստատումը, նրա խոսքով, պրոցեդուրալ է, այն անցնում է ՌԴ միջգերատեսչական բոլոր համաձայնությունները, այդտեղ պրոցեսը երկար է տևում. «2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը 150 դոլար է եղել՝ 2017-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Այս համաձայնագրերով դրա իրավական տեսքն է տրվում»:

Նախարարը նշեց, որ հենց ներկայացվեն ուսումնասիրության արդյունքները, կհրավիրեն ՀԾԿՀ-ին, «Գազպրոմին», ՀԷՑ-ին և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կքննարկեն: Իր նշանակման մասին Գ.Բաղրամյանը նշեց, որ վարչապետի վստահությունը և առաջարկը՝ զբաղեցնել պաշտոնը, բարձր է գնահատել. «Կարծում եմ՝ կարող եմ նպաստել, որ էներգետիկ համակարգը զարգանա, դրա համար էլ համաձայնեցի»: