Մարտուն Գրիգորյանը մանդատը կվերցնի եւ կծառայեցնի բացառապես ժողովրդին


Մարտուն Գրիգորյանը մանդատը կվերցնի եւ կծառայեցնի բացառապես ժողովրդին
Հոկտեմբեր 8 05:46 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո մանդատը թափուր էր մնացել։ Վերջինիս փոխարեն Գյումրիից ընտրված հաջորդ պատգամավորը Մարտուն Գրիգորյանն է։ Վերջինիցս Armday.am-ը փորձել է ճշտել, թե պատրաստվում է արդյո՞ք վերցնել մանդատը։ 

-Ինչպիսի՞ն է Ձեր որոշումը, պարոն Գրիգորյան:

-Ես ռեյտինգայինով ընտրված պատգամավոր եմ: Այս օրերին մենք քննարկել ենք թիմով՝ արդյո՞ք պետք է վերցնել մանդատն այս երկու ամսվա համար, քննարկում եմ ունեցել  և՛ թիմակիցների հետ և՛ իմ ընտրողների որոշակի զանգվածի հետ: Բոլորի կարծիքը եղել է միանշանակ վերցնել մանդատը, քանի որ մոտ 11.000 մարդ վստահել և քվեարկել է իմ օգտին, այդ մարդկանց առջև պատասխանատվություն ունեմ, էս մանդատը ժողովրդինն է:  Մանդատը մինչ այս Ֆելիքս Ցոլակյանի մոտ  գտնվելով ծառայել է ժողովրդին, ինձ մոտ  էլ գտնվելով անվերապահորեն ծառայելու է ժողովրդին՝ ոչ միայն ԱԺ-ում, այլև բոլոր հարթակներում՝ արտահայտելով ժողովրդի կամքը:

-Պարոն Գրիգորյան, մնալու ե՞ք ՀՀԿ խմբակցության կազմում:

-Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ ու չեմ եղել երբևէ: Մանդատը վերցնելուց հետո դուրս եմ գալու ԱԺ հանրապետական խմբակցությունից և թեկուզ 2 ամիս կամ 1 օր աշխատելու եմ որպես անկախ պատգամավոր՝ գործելով խղճիս մտոք և ժողովրդի կամքով: