Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի «լոբբիստը» եղել եմ ես. նա հաստատ դրա կարիքը չունի. Ֆարմանյան


Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի «լոբբիստը» եղել եմ ես. նա հաստատ դրա կարիքը չունի. Ֆարմանյան
Սեպտեմբեր 26 11:35 2018

Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում եւ չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը եւ «լոբբիստը» եղել եմ ես:

Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:

Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ, Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երեւան կամ այլ քաղաքներ եւ անցնելով տեւական գործընթաց այդ երկրների վիզա ստանար (ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետեւ ներկայացնում են Մեծ Բրիտանիան, ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:

Իմ պատկերացմամբ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ու շատ ավելի դրականորեն ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու ինձ նման պաշտոնյաներ միասին վերցրած»: