ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պատժախուց տեղափոխված կալանավորներին խոսակցություններից, նամակագրությունից զրկելու հարցով


ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պատժախուց տեղափոխված կալանավորներին խոսակցություններից, նամակագրությունից զրկելու հարցով
Սեպտեմբեր 26 10:48 2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից եւ հաղորդակցության այլ ձեւերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց եւ դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապին առնչվող օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին:

Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի վիճարկման առարկա են դարձել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ինչպես նաեւ Կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ Կառավարության  որոշման համապատասխան դրույթները:

Գործող օրենսդրությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում նա մեխանիկորեն՝ անկախ որեւէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից:

Այսպիսի կարգավորումների պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որեւէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը հիմնավորման չի արժանանում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաեւ անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը:

Նշվածն առաջացնում է անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ հաղորդակցության ազատության սահմանադրական իրավունքների իրացման խնդիր, քանի որ զրկումը նախատեսվում է պատժախուց տեղափոխելու յուրաքանչյուր դեպքում: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում հիմնավորվում է նաեւ, որ վիճարկվող  կարգավորումները հակասում են նաեւ Սահմանադրության համաչափության, ինչպես նաեւ հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին:



loading...