Քաղաքացու հաղթանակը․ Ընտրությունների կարևոր արձանագրումը


Քաղաքացու հաղթանակը․ Ընտրությունների կարևոր արձանագրումը
Սեպտեմբեր 23 15:44 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն Երեւանի ավագանու ընտրություններում, ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է նտրելու իրավունք ունեցողների 23,72 տոկոսը։ Քվեարկության ավարտին մնացել է 5 ժամ։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու առանձին վերլուծաբաններ արդեն իսկ արձանագրում են, որ  պասիվ ընտրություններ են։ Գործող իշխանությունները ընտրություններից առաջ ու նաեւ այսօր հայտարարեցին, որ 23 տարի անց կազմակերպվել է ազատ ու արդար ընտրություններ, եւ որ քաղաքացու ազատ կամարտահայտման վրա ճնշումներ չկան։

Այս մտքի հետ համակարծիք չլինել թերեւս չի կարելի։ Ակնհայտ է, որ ընտրական գործընթացը ի տարբերություն Հայաստանում անցկացված ՏԻՄ եւ համապետական ընտրությունների կազմակերպչական առումով առաջընթաց է արձանագրել։ Վաղ առավոտից չնայած ահազանգերի մասին հրապարակումներին, ակնհայտ է, որ ընտրական այս գործընթացում չեն կիրառվում բոլոր այն կեղտոտ մեթոդները, որոնք նախկինում եղել են ընտրական գործընթացի անբաժանելի մասը։ Քաղաքացու ձայնը չի վաճառվել։ Ամենամեծ ձեռքբերումը թերեւս սա է, գուցե ավելի կարեւոր այն հանգամանքից, թե ով կստանձնի Երեւանի քաղաքապետի պաշտոնը։

Միաժամանակ քաղաքացիների պասիվությունը ընտրական այս գործընթացի նկատմամբ ունի իր բացատրությունը։ Տարիներ շարունակ ընտրողների զգալի հատվածը սովոր է եղել, որ իրեն թաղային հեղինակությունները «գազելներով» պետք է տեղափոխեն ընտրական տեղամաս, հավաքագրելով անձնագրերն ու դրա  դիմաց գումար տրամադրել։ Հայաստանում նախկինում ընտրություններ, որպես այդպիսին չեն կայացել։ Տեղի է ունեցել պարզապես ձայների գնում, ինչի արդյունքում ՀՀԿ-ի իշխանությունը վերարտադրվել է։ Հիմա երկրում իրավիճակ է փոխվել։ Ընտրական գործընթացի նկատմամբ համատարած անտարբերությունը հնարավոր է կոտրել արդեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ քաղաքացին իրապես կգիտակցի իր քվեի արժեքն ու իր ձայնի կարեւորությունը, տեղ չտալով ցանկացած ոտնձգության իր ընտրելու իրավունքի վրա։

Երեւանի ավագանու ընտրություններում պասիվ են ոչ միայն ընտրողները, այլ նաեւ տարբեր ուժերի, իսկ առավելապես ՀՀԿ-ի համար ձայներ բերող «լավ տղերքը», ովքեր պարզապես  սեփական բնակարաններից դուրս չեն գալիս, վերահաստատելով Փաշինյանի մտքերը՝ ընտրակեղծարարները ամաչելու են շրջել քաղաքով։

Երեւանում ընտրական գործընթացի ելքը այլեւս էական չէ։ Քաղաքացին իր ձայնը չվաճառելով հաղթեց նախկին իշխանություններին։

Armday.am