ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել Նորք Մարաշում. խախտումներ


ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել Նորք Մարաշում. խախտումներ
Սեպտեմբեր 23 15:17 2018

Ժամը 13:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ:

Transparency.am կայքի փոխանցմամբ,  միջադեպերից մեկը կապված է եղել ընտրողներին օգնելու կարգի խախտման հետ: Նորք Մարաշի 9/6 տեղամասում տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաեւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Նույն տեղամասում գրանցվել է նաեւ միջադեպ՝ կապված տեխնիկական սարքի խափանման հետ: Տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը տպվել է միայն այն ժամանակ, երբ ներկայացել է առաջին ընտրողը, իսկ տեղեկանքը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում սոսնձվել է ավելի ուշ:

9/24 տեղամասում դիտորդը նկատել է, որ քվեախցիկի պատին մի քանի տեղում նշված է եղել 8 թիվը: Մինչ այդ դիտորդի կողմից քվեախցիկը ստուգվել է և քվեախցիկի պատին նման նշում առկա չի եղել, ուստի վերջինիս կարծիքով դա ընտրողի կողմից է կատարվել: Դիտորդը թիվը նկատելուց հետո թղթով ծածկել է թիվը:

Դիտորդի պահանջով խախտումը գրանացվել է գրանցամատյանում:

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Կենտրոն վարչական շրջանի 9/18 տեղամասը, Արաբկիրի 4/40 ընտրատեղամասը, Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը: Առաջին ընտրատեղամասում գրանցվել է 4 խախտում, մյուս ընտրատեղամասերում՝ 3-ական խախտում:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը: