Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք


Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք
Սեպտեմբեր 23 13:24 2018

Ժամը 11:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: 

Նորք Մարաշի 9/6 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք: Հաղորդվել է, որ ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ:

Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը: 

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Շենգավիթ վարչական շրջանի 8/9 տեղամասը: Առաջին երկու ընտրատեղամասերում գրանցվել է չորսական խախտում, երրորդ ընտրատեղամասում՝ 3 խախտում:  


Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:

 

 

 

 

 
 
 


loading...