«ԱԱԾ-ն երբևէ չպետք է խառնվի ընտրական պրոցեսների մեջ». Արթուր Վանեցյան


«ԱԱԾ-ն երբևէ չպետք է խառնվի ընտրական պրոցեսների մեջ». Արթուր Վանեցյան
Սեպտեմբեր 23 10:05 2018

«Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու է նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության մեջ»։ Այս մասին, այսօր Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ շտաբերից մեկում կատարված խուզարկությանը, Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, նա ասաց, որ ԱԱԾ-ն կատարում է իր աշխատանքները՝ իր լիազորությունների շրջանակներում և չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին.

«Եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ մենք դա կանենք՝ առանց մի րոպե մտածելու, առանց մի րոպե հապաղելու։ Կապ չունի՝ դա կլինի այս կամ այն թեկնածուի կողմնակիցը, այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցը։ Եթե կլինի մարդ, մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, կկրի իր պատիժը»։

Հարցին՝ թեկնածուներից մեկն ահազանգել է, դա հիմք չէ՞, որ պատկան մարմինները զբաղվեն այդ հարցով, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ այդ պարտականությունները Ոստիկանության վրա են դրված. «ԱԱԾ-ն երբևէ չպետք է խառնվի ընտրական պրոցեսների մեջ։ Եթե մեր Ոստիկանությունն աշխատում է, չեմ կարծում, որ պետք է միջամտենք»։