ՄԻԵԴ-ը «Մարտի 1-ի» գործով վճիռ է հրապարակել


ՄԻԵԴ-ը «Մարտի 1-ի» գործով վճիռ է հրապարակել
Սեպտեմբեր 20 12:51 2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15 600 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:

«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը:

Ինչպես նշել է Վահե Գրիգորյանը, դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել դատարանին: Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են, հավելել է նա:

 
 


«Այս վճռով քաղաքական զգայունության և կարևորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։ Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաև միջազգային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»,- գրել է Վահե Գրիգորյանը: