Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է


Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է
Սեպտեմբեր 20 11:55 2018

Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:

Դիմումատուն հայտնել է, որ 4 տարի առաջ ավտովթարից հետո վիրահատվել է ամուսնու աջ ոտքի ազդրը, սակայն մինչ օրս շարունակում է գանգատվել սուր ցավերից:

Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արդարադատության նախարարությունից սկզբում ստացվել է տեղեկություն, որ դատապարտյալը վիրահատության կարիք չունի: Դատապարտյալի բժշկական քարտի պատճենների ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ վնասվածքաբանի կողմից առկա է ցուցում ազդոսկրի կոտրվածքի սերտաճելուց հետո մասնագիտացված կլինիկայում մետաղական կոնստրուկցիայի հեռացում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Դատապարտյալի առողջական վիճակի դինամիկան գտնվել է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Արդարադատության նախարարության հետ շարունակվող համատեղ աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ դատապարտյալը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, հետազոտվել և նրան ցուցվել է վիրահատություն: Արդյունքում, դատապարտյալը վիրահատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում, հետվիրահատական շրջանն անցել է հարթ՝ առանց բարդությունների, դուրս է գրվել բժշկական կենտրոնից և տեղափոխվել պատժի կրման հիմնական վայր:



loading...