Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացմանը. ՕԵԿ-ի հայտարարությունը


Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացմանը. ՕԵԿ-ի հայտարարությունը
Սեպտեմբեր 20 11:35 2018

ՕԵԿ-ը եղել եւ մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու, ինչպես  նաեւ մարտի մեկի հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտելու գործում: Այս մասին հայտարարություն է տարալե «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Նախօրեին տեղի  է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց եւ մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսեւորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները:

Կուսակցությունը իր երախտագիտությունն է արտահայտում բոլոր լրատվամիջոցներին եւ լրագրողներին քարոզարշավի ակտիվ եւ համակողմանի լուսաբանման համար:    

Կուսակցությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում նաեւ ՕԵԿ քարոզարշավին մասնակցած բոլոր քաղաքացիներին, մեր ընկերներին, աջակիցներին եւ համախոհներին եւ որ ամենակարեւորն է մեր ժողովրդին եւ երեւանցիներին` քարոզարշավին իրենց ակտիվ մասնակցության համար: Բոլոր քաղաքական ուժերին մաղթելով հաջողություններ առաջիկա մրցապայքարում, ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ Օրինաց երկիր կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած քաղաքական ուժ առաջիկա ընտրությունները դիտարկում է իբրեւ կարեւորագույն քաղաքական հանգրվան` անջնջելի դարձնելու համար հեղափոխության հաղթանակը:

ՕԵԿ-ը եղել եւ մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու, ինչպես  նաեւ մարտի մեկի հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտելու գործում: Մենք նաեւ մեր անվերապահ աջակցությունն  ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը կհանդիսանա կարեւորագույն հենարան հետհեղափոխական Հայաստանում  արմատական բարեփոխումների իրականացման համար»: