Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը

Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը
Սեպտեմբեր 20 11:01 2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները սեպտեմբերի 17-20- առաքելական այցով Երեւանում են` նպատակ ունենալով բարելավել հայ համաճարակաբանների` մանրէաբանական և համաճարակաբանական տվյալների մշակման և վերլուծության կարողությունները:

Այցի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացնելու են նաև WHONET ծրագիրը, որը կնպաստի հիվանդանոցներում համաճարակաբանական մշտադիտարկման համակարգի զարգացմանը, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների նպատակային ընտրությանը` էմպիրիկ բուժման նպատակով:

Թրեյնինգի ընթացքում 10 կլինիկական մանրէաբաններ եւ համաճարակաբաններ կհմտանան ավելի վաղ ստեղծված տեղեկատվական բազայի հետ աշխատելու գործում, որպեսզի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ տվյալների վերլուծություն իրականացնեն: Համակարգված վերլուծության արդյունքում ակնկալվում է նախ կոնկրետ հիվանդանոցների, ապա ազգային մակարդակով ունենալ ընդհանուր պատկեր, թե հակամանրէային որ դեղերի նկատմամբ է կայունություն դիտարկվում: Վերլուծության իրականացումը մեծապես կարեւորվում է այն առումով, որպեսզի աստիճանաբար անցում կատարվի հակաբիոտիկների առավել ճշգրիտ, պատշաճ եւ ռացիոնալ նշանակման եւ կիրառման քաղաքականության:

PoP հետազոտությանը ծրագիրը փուլային է, ներկայում ներառում է 4 խոշոր բուժհաստատության, ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի մասնագետներին, ինչպես նաև ԵՊԲՀ-ի համաճարակաբանության ամբիոնի համաճարակաբաններին:

Առաքելական այցի ավարտին նախատեսված է հանդիպում միջազգային փորձագետների, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմի և առողջապահության նախարարության շահագրգիռ կողմերի հետ` ծրագրի ավարտից հետո տվյալների հավաքագրման, կառավարման, ինչպես նաև հետազոտության շարունակականությունը ապահովելու վերաբերյալ:

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությունը» (PoP study) մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ից:

loading...