Ուրախ ենք, որ «սևի և սպիտակի» բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան


Ուրախ ենք, որ «սևի և սպիտակի» բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 19 21:14 2018

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:

 

«Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, սևի և սպիտակի բանաձևն առաջ է քաշվել, որը հանգամանքների բերումով դարձավ քաղաքական կարգախոս: Ուզում եմ լինել կատարյալ անկեղծ, որովհետև, իմ կարծիքով, իրականում ինչի՞ց է ծագել այդ բարդությունը՝ քանի որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք և ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես են գալիս որպես մի ուժ, որը պաշտպանել է հեղափոխությանը, ընդհուպ հեղափոխություն արել: Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել, բայց ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերն անորոշ վիճակում են եղել: Հեղափոխությունը գիտե՞ք երբ է տեղի ունեցել, երբ Արշակունյաց պողոտան լի էր  ժողովրդով և որի ծայրը չի երևում, երբ ժողովուրդն, ըստ էության, քաղաքական առաջնորդություն չի ունեցել: Շատ քաղաքական ուժեր իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից, որովհետև այն ժամանակ, երբ ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն անի այն, ինչ ուզում է, քաղաքական ուժերը մի կողմ էին դրել իրենց, անհաղորդ էին, Սերժ Սարգսյանի հետ ապագան էին քննարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

 

Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս ընտրարշավի ընթացքում այդ նույն մարդիկ կրկին աշխատում էին վերակենդանացնել Հանրապետականի մեռյալ ընտրակեղծարարական համակարգը: «Տեսանք, որ այդ մարդիկ բեմերից հեղափոխության անունն են տալիս, հետո գնում, բակերում սկսում հանրապետական ընտրակեղծարարների հետ բանակցել: Ասացինք, որ այսպես այլևս շարունակել չի կարելի: Սևից և սպիտակից դժգոհողները պետք է մտածեն, որ իրենք են իրենց քայլերով մի կողմ դրել իրենց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր փորձերը ձախողված են: «Երբ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը հասկացան դա՝  սկսեցին ընտրարշավ անել, հասկացան, որ պետք է խոսեն ոչ թե հանրապետականների, այլ ժողովրդի հետ: Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ, ոչ թե ժողովրդին կանչել ընտրական շտաբների դիմաց հերթ կանգնելու, այլ գնալ նրա հետ խոսելու, որովհետև հասկացել են, որ միայն նա է որոշելու ընտրությունների արդյունքները»,-  ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

Դիմելով ժողովրդին՝ վարչապետն ասաց, որ նրա տված ոչ մի քվեն չի կորսվելու:



loading...