Ըստ մեղադրանքի՝ 2006-ին զինծառայողին տարել են անտառ, ստիպել ինքնուրույն կախվել, ինչը նա չի արել


Ըստ մեղադրանքի՝ 2006-ին զինծառայողին տարել են անտառ, ստիպել ինքնուրույն կախվել, ինչը նա չի արել
Սեպտեմբեր 18 10:26 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդատության կարգով փոխանցվել է 2006 թվականին N զորամասի զինծառայողի սպանության գործը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ զինծառայողը իր ծառայակցին ստիպել է կամ ինքնուրույն ինքնասպանություն գործել կախվելու միջոցով, կամ ինքը կկախի նրան:

Կոչումով շարքային Ալիկ Մաթևոսյանը, գտնվելով ժամկետային զինվորական ծառայության մեջ, 2006թ. մարտին ռադիոլոկացիոն հանգույցի զինծառայող, շարքային Աղվան Հարությունյանից ուզել է վերջինիս աուդիոձայնարկիչը՝ խոստանալով վերադարձնել սարքին վիճակում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2-3 օր անց Մաթևոսյանը վերադարձրել է այն խոտանված վիճակում, որի հետևանքով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հարությունյանի հետ միասին ծեծի են ենթարկել Աղվան Հարությունյանին:

Հետագայում Ալիկ Մաթևոսյանն իր անձի կարծեցյալ գերազանցությունը հաստատելու և համածառայողների շրջանում չհեղինակազրկվելու նպատակով Աղվան Հարությունյանին հայտնել է, որ կա՛մ ինքը կախելու է վերջինիս, կա՛մ էլ Հարությունյանն ինքնուրույն պետք է կախվի: Հետո միասին գնացել են ռադիոլոկացիոն հանգույցի հենակետ՝ իրենց հետ վերցնելով աթոռ, պարան և մալուխ, ծառի ճյուղից կապել են պարանը, բռնել նրա ձեռքերը՝ աթոռին բարձրացնելու նպատակով, սակայն Հարությունյանը հայհոյանք տալով ասել է, որ թույլ չի տա՝ իրեն կախեն, սակայն Մաթևոսյանը Հարությունյանին սպանելու դիտավորությամբ վերջինիս ոտքերի տակից հրել է աթոռը և վերջինիս զրկել կյանքից:

Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն խուլիգանական դրդումներով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: