Ավստրալիայում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել


Ավստրալիայում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել
Սեպտեմբեր 17 23:36 2018

Կանբերրայում գործող Ավստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրավունք» խորագրով ցուցահանդես է բացվել, որը նվիրված է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց ցեղասպանության հետեւանքով գաղթածներից, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

 

Ցուցահանդեսը պատրաստվել է դոկտոր Վանեսսա Ագնյուի, դոկտոր Էգեմեն Օզբեկի եւ Անեթ Ան-Ջեն Լիուի կողմից: Այն ներառում է ցեղասպանության, փախուստի եւ ապաստանի այժմյան եւ վաղ շրջանի տեղեկագրեր. երկրորդ տիպի տեղեկագրերը վերաբերում են նաեւ հայոց պատմության ամենամռայլ հատվածին, որը ներկայացված է «Փախստականության գաղափարը եւ Հայոց ցեղասպանությունը» խորագրով հատվածում:

 

Անեթ Ան-Ջեն Լիուն ցուցահանդեսի մասին Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի պատրաստած ֆեյսբուքյան տեսանյութում պատմել է, որ հաջորդ ցուցադրությունը կբացվի Գերմանիայում, ապա՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եւ կվերադառնա Ավստրալիա:

 

Ավստրալիայի ազգային համալսարանում ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 22-ը: