Մայրությունն ազգություն չի ճանաչում. Աննա Հակոբյանը զոհված հերոսների մայրերին (տեսանյութ, լուսանկարներ)


Մայրությունն ազգություն չի ճանաչում. Աննա Հակոբյանը զոհված հերոսների մայրերին (տեսանյութ, լուսանկարներ)
Սեպտեմբեր 15 15:02 2018

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը,  այսօր վարչապետի նստավայրում հանդիպեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին: Որդեկորույս մայրերը միացել են նրա ՝«Կանայք հանուն խաղաղության» արշավի, որի հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է: Աննա Հակոբյանի խոսքով՝ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։

Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց:

«Մենք՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներս, ողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների հետ միասին մինչև մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ,որովհետև անհերքելի փաստ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգուցալուծումը մեծապես կախված էր ձեր որդիների ու 18-20 տարեկան մեր տղաների հերոսությունից ու սխրագործությունից: Ես վստահ եմ, որ աշխարհում չկա մի բան, որով կարող ենք մենք ձեզ վարձահատույց լինել, որովհետև դուք հայրենիքին տվել եք ձեր անգինը, ձեր անփոխարինելին: Նրանց հերոսությունը, վստահաբար, գիտակցաբար է տեղի ունեցել, որովհետև այսպիսի մայրերից կծնվեին ու կդաստիարակվեին միմիայն հերոս ու քաջ որդիներ»,- ասաց  նա:

Աննա Հակոբյանը նշեց, որ մայրությունը ազգություն չի ճանաչում:

«Մայրությունը ճանաչում է ազգություն, քաղաքացիություն, կրոն, մաշկի գույն, ո՛չ իհարկե, մայրությունը ճանաչում է անսահման սեր, գորգուրանք և փաղանշանք և սեփական երեխայի կորստի ցավը բացարձակապես նույնն է բոլոր մայրերի մոտ: «Ես հույս ունեմ, որ մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, ու նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի ու հանուն խաղաղության»,- ասաց վարչապետի տիկինը: