ՀՀ օմբուդսմենը Լիլիի և Հովիկի հարցով հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ


ՀՀ օմբուդսմենը Լիլիի և Հովիկի հարցով հեռախոսազրույց է ունեցել  հոլանդացի գործընկերոջ հետ
Սեպտեմբեր 14 17:59 2018

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով արտաքսման որոշումը չեղարկվել է․ Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ Արման Թաթոյանին փոխանցվել է նաև, որ այս պահին փորձում են ճշտել որոշման չեղարկման հիմքերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։



loading...