Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է


Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է
Սեպտեմբեր 11 21:45 2018

«Ռոբերտ Քոչարյանը ասում է՝ հարցրեք ուրա Սաշիկի 50 տոկոսը, հարցնում եմ՝ ուրա՞, Սաշիկ Սարգսյանը միայն Հայաստանյան մի բանկում ունի 30 միլիոն դոլար, միայն մի բանկում ու այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: Նրանց ընտանիքը միլիոնների ունեցվածք ունի: Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել: Ես էսօր պայման եմ դնում ձեր առաջ՝ ես ձեզ կոչ եմ անում, կամավոր հավաքեք ձեր փողերն ու վերադարձրեք ժողովրդին, էդ ժամանակ մենք հրապարակում ժողովրդի հետ կորոշենք՝ ձեզ ներե՞լ, թե՞ չներել: Այդ ժամանակ ձեզ ոչ մեկը չի օգնի, ոչ մեկը, չկա աշխարհում մի ուժ, որը ձեզ կօգնի:

 

 

Չհամարձակվեք սեփական ժողովրդին պատերազմ հայտարարել, որովհետեւ այդ պատերազմում դուք ինքներդ կջախջախվեք, աներկբայորեն:

 

Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում այդ 30 միլիոնը հանելու է ու վերադարձնի պետական բյուջե, կամավոր:

 

Ես գիտեմ, որ հիմա ասելու են՝ դիկտատուրա է, չգիտեմ ինչ է, բայց սա նշանակում է՝ մենք թույլ չենք տա ժողովրդին ձեռք առնել, ով ուզում եք եղեք: Ժողովուրդ, հիշու՞մ եք, ես ձեզ ասել եմ, որ ես պարտավորվել եմ ձեր առաջ: Գետինը մտնի էն մարդը, ես ինձ համար եմ ասում, ով 1 րոպե կմտածի իր, իր ընտանիքի մասին, գնալու ենք մինչև վերջ ու ամբողջ գողացածը վերադարձնելու ենք ժողովրդին:

 

Ես պլանավորում էի էդ գաղտնալսման ու այդ իրադարձությունների մասին ներկայացնեմ մանրամասն, բայց խոսեմ այլ բանից՝ դատարանների մասին:

 

Տեսեք, Սերժ Սարգսյանի եղբորորդուն 2 օր առաջ ազատ են արձակել, հարյուրներով նամակ ենք ստանում, որ էս ինչ եք անում, բռնում ու բաց եք թողնում, տակից խաղեր եք անում, ես հիմա ասում եմ՝ իսկ Հայաստանում կա՞ դատավոր, որ կարող է իմ ասածը չանել, եթե կա, ասեք էլի, էդ ով է էդ դատավորը, ուզում եմ տեսնեմ, բայց ես չեմ կարող հրահանգավորել, ես ինձ դա թույլ չեմ տա: Էդ դատավորն ի՞նչ գործ ունի ազատության մեջ, եթե ես պետք է հրահանգեմ նրան:

 

 

Ասում են՝ ձեռքը խփեք սեղանին, ասեք՝ էսպես պետք է լինի, սա պիտի նստի, ես դեմ եմ էդ ամենին, չեմ ուզում հեղափոխության գաղափարը նենգափոխենք, ու այս ամենի համատեքստում էի խոսում անցումային արդարադատության մասին, դրանք քաղաքակիրթ ինստիտուտներ են, որոնք գործում են օրենքի սահմաններում: Էս առումով ուզում եմ ասել, որ սկզբունքային մոտեցում է լինելու, Հայաստանում քննչական մարմիններն իմ տպավորությամբ եւ գնահատականով շատ արդյունավետ են աշխատում:

 

Դուք գիտեք, որ գործադիրը պետք է ազդեցություն չունենա դատարանների վրա, բայց օրինակ քրեական գործերի շրջանակներում լինում են հարցեր, որոնք դառնում են պետական քննարկման թեմաներ: Օրինակ, երբ խոսքը ենթադրենք Վեոլիա Ջրի մասին է, երկրի վարչապետը պետք է հասկանա, թե սա ինչ գործ է, ինչ են անում, ինչու են միջազգային մարմինները, կառույցները խառնվել:

 

Նույնն էլ էս դեպքում է, ես բնականաբար պետք է կանչեմ համապատասխան մարդկանց ու հարցնեմ՝ սա ի՞նչ միջպետական, պետական խնդիր է, ի՞նչ հիմնավորումներ ու ապացույցներ ունեք, ուզում եմ ասել, որ այստեղ ուզած-չուզած այդ ազդակները խաչվում են գործադիրի հետ:

 

Մեր միջամտությունը դատարանների աշխատանքին ես բացառում եմ, բայց դատավորները մինչեւ հիմա խաբար են ուղարկում, վայ ինչ անենք, ոնց անենք: Սա է ամբողջ իրավիճակը, բոլոր քրեական գործերի պատասխանատվությունը, թվում է, ինձ վրա է, բայց ինձնից առաջ ինչի՞ էին էդ բոլոր գործերը կոծկվում, 10 տարի անցել է, մինչև իշխանափոխություն չլինի, չի բացահայտվելու Մարտի 1-ը, հիմա իշխանափոխություն եղել է ու կբացահայտվի, այլ տարբերակ չկա:

 

Երբ ինձ հարցնում են՝ ինչքանո՞վ է ճիշտ ձեր իշխանությունների օրոք նախկին իշխանությունները դատվեն: Ես ասում եմ, եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան կհանեք, սա իմ պահանջն է ձեզնից»,-ասաց վարչապետը:

 

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը ներկաներին խնդրեց չմոռանալ ինչի համար են հավաքվել ու անդրադառնալ քարոզարշավին: