Մերձավանի գյուղապետը շարունակում է թալանել համայնքն ու բյուջեն (լուսանկարեր)


Մերձավանի գյուղապետը շարունակում է թալանել  համայնքն ու բյուջեն  (լուսանկարեր)
Սեպտեմբեր 5 16:06 2018

Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանը վաճառել է գյուղի ջրամատակարարումն ապահովող ցիստեռները: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, ով պարբերաբար բարձրաձայնում է համայնքի խնդիրների մասին:

Բնակիչները թեև դժգոհում, բայց չեն համարձակվում բարձրաձայնել, այդ մասին: Մերի Վարդանյանը, սակայն համարձակ գտնվելով՝ պատմեց համայնքում ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով՝  ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանը շարունակում է թալանել գյուղը:

Նա նախ բյուջեից ահռելի գումարներ է դուրս գրել, ինչ-որ աշխատանքներ իրականացնելու համար,որոնք այդպես էլ տեղից չեն շարժվել, այսօր էլ ջրի ցիստեռներն է վաճառքի հանել:

«Գյուղապետը «Վեոլիա» ջրի հետ պայմանագիր ունի կնքված, որի համաձայն համայնքին 24 ժամ կարող է ջուր մատակարարվել, սակայն Մերձավանում ընդամենը 2 ժամ են ջուր ստանում, այն էլ առավոտյան ժամերին: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ գյուղապետը վաճառում է այն ցիստեռները, որոնցով պետք է ջուրը հավաքվի, որպեսզի 24 ժամյա ջրամատակարարում իրականացվի: Լուրեր կան, որ գնորդը մոտակայքում գտնվող օղու գործարանն է»,-ասաց գյուղի հարցերով մտահոգ բնակիչը:

Բնակիչը նշեց, որ իր բարձրացրած աղմուկից հետո գյուղապետը հանձնարարել է վերադարձնել ցիստեռները, որպեսզի ստուգումների ժամանակ ամեն բան իր տեղում լինի,սակայն այս պահի դրությամբ դրանք դեռ չեն վերադարձվել:

Մեր զրուցակիցը նշեց, որ Լևոն Գրիգորյանին  հատուկ է  ստուգումներից առաջ  արագ ամեն բան կարգի բերելու  հմտությունը: Նա այդպես է վարվել նաև կրթական ոլորտում ստուգումների ժամանակ և գիշերով ուսուցիչներին հանձնարարել է կարգի բերել թղթերը,ծածկել անօրինականությունները:

Մերին  նշեց, որ Մերձավանի համայնքապետը բյուջեից մեծ գումար է դուրս գրել, որպեսզի վերանորոգի ֆուտբոլի դաշտը, սակայն այն արդեն 3  տարի է՝ դաշտը նույն անմխիթար վիճակում է գտնվում:

«10 մլն. դրամ է դուրս գրվել  գյուղի Մշակույթի տան առաջին հարկը սգո և հանդիսությունների սրահ դարձնելու համար, որից  տեղյակ է նաև  մարզպետարանը: Այսինքն նա վերևներում դեռ աջակցող ունի իրեն, այդ իսկ պատճառով շարունակում է թալանել բյուջեն ու համայնքը»,-ասաց Մերի Վարդանյանը:

Տեղեկությյուններ կան նաև, որ ՀՀԿ-ական գյուղապետը, ով առիթը բաց չէր թողնում գովաբանելու նախկին իշխող կուսակցությանն ու ասում էր, որ բոլորս պետք է ենթարկվենք Սերժ Սարգսյանին, այսօր մտադիր է անդամակցել ԲՀԿ-ին և գյուղում գրասենյակներ է բացում: Նշենք որ Լևոն Գրիգորյանն արդեն 23 տարի է ղեկավարում է գյուղը: