1$ = 0 AMD 1€ = 0 AMD
JWM 3D Jewelry and Watch Modeling School

«Լավ կլինի` նախապես դեղերի կուրս անցնեք»

«Լավ կլինի` նախապես դեղերի կուրս անցնեք»
Սեպտեմբեր 3 16:02 2018

 

Հրանտ Տեր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քարոզչության կարևոր սկզբունքներից մեկն է՝ վերածել քաղաքական գործընթացը հնդկական կինոյի: Որ ասենք, սուրճի բաժակի շուրջ՝ «վույ աղջի, բա իմացար, Ջոնջոլիկն ասեց, որ դունդուլիկը բաբուլիկ ա», «աման, աղջի, հեսա սկսելու են պոեզդները տրաքցնել»:

Հնարը նույնքան հին է, որքան մարդկությունը: Հնի բազմաթիվ պատկառելի անվամբ պատմաբաններ (մեծ մասն այս կամ այն քաղաքական հոսանքի քարոզիչներ) լիուլի ստեղծագործել են այդ ժանրում: Պատմության դասագրքեր մտած բազմաթիվ «բոլորին հայտնի» պատմություններ այլ բան չեն, քան քարոզչական պատերազմներում հաղթած կողմերի պատումներ իրողության մասին՝ հնդկական սերիալի մակարդակի:

 

Օրինակ, այն ամենն ինչ գիտենք Ներոնի մասին, մեր Արշակունի թագավորների մասին, մոնղոլների արշավանքների մասին, ինկվիզիցիայի, յակոբինկան տերորի և այլ սարսափիկների մասին՝ մեծ հաշվով սովորական հնդկական կինոներ են, որոնց համեմատ իրականությունը եղել է շատ ավելի բարդ ու ոչ միանշանակ:

Մեր քաղաքական կյանքում էլ՝ բոլոր ժամանկավ ընդդիմությունները, և բոլոր ժամանկվա իշխանություններն առատորեն օգտվել են այս պարզ մեթոդից: Ընդդիմությունները հիմնականում հաղթել են իրենց քարոզչականում, բայց որոշ հաջողությունների հասել են նաև տարբեր ժամանկվա իշխանավորները: Օրինակները շատ են սկսած 90-ականներից մինև մեր օրերը:
Այսօր էլ նույն վիճակն է:

Նոր կառավարությանն ընդդիմադիր խմբերն կանոնավոր, համակարգված, հետևողականորեն ամեն օր հրամցնում են «հնդկական կինոյի» նոր սերիա: Առիթներ միշտ կլինեն: Միշտ էլ մի իշխանական դեմք մի անհաջող բան կասի կամ կանի, որը կարելի է հրամցնել որպես աշխարհի վերջ մեկ առանձին վերցված երկրում:
Պատկերացնո՞ւմ եք, ասել է՝ սև ու սպիտակ, մեր դեմ խաղ չկա: Հեսա գիլյոտիները բերելու են: Հեսա բոլորիս կախելու են: Վալերիկ, վալերիանին բեր: Ջուլիկ, ջուրը բեր:

Դե հայ ժողովուրդը, չասեմ, բայց հայ քաղաքական բոմոնդը շատ սրտից թույլ է: Վախեցնել, նեղացնելը մեկից մեկ է:

Այս ամենը նորմալ է: Այսինքն՝ նորմալ է, որ նման ոճի հակաքարոզչություն է արվում ու արվելու է:

Նորմալ չէ այլ բան: Երբ իշխանության կողմնակիցները նման պարզունակ հակաքարոզչությունից ազդվում են, մի տեսակ վհատվում են: Սկսում են կա՛մ ներողություն խնդրել, կա՛մ հանուն օբյեկտիվության դատապարտել կամ պահանջել, որ «բլթցնողը» ներողություն խնդրի:

Ասե՞լ է սև ու սպիտակ: Իհարկե, ասել չարժեր, որովհետեև դա շատ կանխատեսելի առիթ է օրվա, նույնիսկ շաբաթվա «աշխարհի վերջը մի բաժակ ջրում» սարքելու համար: Բայց մոտալուտ աշխարհի վերջին հավատալ չարժե: Մարդկության փորձը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի վերջի մասին գուշակությունները որպես կանոն իրականություն չեն դառնում: Ոչ ոք չի մեռնի, սրտի կաթված չի ստանա, նույնիսկ պատի տակ չի գնդակահարվի նրանից, որ կարգին Հայկոն ինչ-որ բան է ասել գույների մասին:

 

Եթե շատ նուրբ եք ու նյարդային՝ համակարգը լավ չի աշխատում, լավ կլինի նախապես դեղերի կուրս անցնեք: Որովհետև քամիները դեռ ավելի են ուժեղանալու ու ամպերը գոռալու են:
Իշխանության հարցը Հայաստանում դեռ լուծված չէ»:

loading...